Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում կարող է դեղատուն այցելել նաեւ պացիենտի կողմից լիազորված անձը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

«Մինչ այդ լիազորված անձի փաստաթղթերը մուտք է արվում համակարգ, լրացվում է նրա տվյալները, դա կարող է լինել մի քանի հոգի: դրանից հետո լիազորված անձը կարող է իր անձը հաստատող փաստաթղթով կարող է մոտենալ դեղատուն եւ ստանալ դեղերը»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է լինում այն դեպքում, երբ հրատապ անհրաժեշտություն է առաջացել գնել դեղերը, սակայն պացիենտը չի կարող մոտենալ դեղատուն, Ջումայանը պատասխանեց. «Հրատապությունը պետք է հասկանալ. Եթե պացիենտը հրատապ այսօր դիտվել է բժշկի կողմից տանը կամ պոլիկլինիկայում, հենց տեղում էլ կարող են լիազորված անձի հետ կապված հարցերը լուծել, դա տեւում է մի քանի րոպե: Բայց չի կարող լիազորված անձը դիմել առանց հիվանդի եւ ասել՝ գիտեք, հարազատս հիվանդ է, ունի այս-այս ախտանիշները եւ բժիշկը առանց պացիենտին տեսնելու որոշի, որ պետք է դեղորայք դուրս գրել»:

Ջումայանը տեղեկացրեց, որ բոլոր այն դեղերը, որոնք դեղատոմսով են դուրս գրվում, պետք է փուլ առ փուլ անցնեն էլեկտրոնային համակարգի:

Իր հերթին Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը նշեց, որ եթե ինչ-ինչ պատճառներով համակարգը հասանելի չլինի, կարող է օգտագործվել դեղատոմսի թղթային տարբերակը. «Երբ համակարգը հասանելի է դառնում, օրվա բոլոր տվյալներն անմիջապես մուտքագրվում են համակարգ»:

Նշենք, որ մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով: «Մարտից մենք ներառում ենք հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը եւ իմունային շիճուկները, ինչպես նաեւ պատվաստանյութերը»,- նշել է Ջումայանը: