Ռուսաստանի եւ Չինաստանի մոլեկուլյար կենսաբանները պարզել են, որ Տիբեթի լճերի մանրէները ստեղծում են հակաբիոտիկների երեք տեսակների մոլեկուլներ՝ ռիֆամիցին, կադամիցին եւ խադամիցին։ Սա Տիբեթը դարձնում է հեռանկարային շրջան նոր դեղերի որոնման առումով, չորեքշաբթի տեղեկացրել է «Սկոլտեխի» մամուլի ծառայությունը։

«Ռուս եւ չինացի հետազոտողները հայտնաբերել են, որ Տիբեթի լճերի ընդերքում ապրում են հակաբիոտիկներ արտադրող մանրէներ։ Դա հույս է ներշնչում, որ վաղ թե ուշ մարդկությունը նոր հակաբիոտիկներ կունենա»,- նշվել է հաղորդագրությունում։

Այսպիսի եզրակացության է եկել ռուս եւ չինացի գիտնականների խումբը, որը ղեկավարում է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կենսաբժշկական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Սուն Չենհանը։

Չինացի գիտնականները հավաքել են Տիբեթի ընդերքի, ինչպես նաեւ չորս աղի լճերի ջրի նմուշներ, ինչից հետո ուսումնասիրել են, թե արդյոք դրանցում պարունակվող միկրոբները արտադրում են հակամիկրոբային հատկություններ ունեցող նյութեր։ Այդ ստուգումները ցույց են տվել, որ Տիբեթի ընդերքի եւ լճային մանրէների վեց տասնյակ տարատեսակներից ստացված էքստրակտները պարունակել են հակաբիոտիկներ, որոնք ճնշում են էնտերոկոկի, ոսկեգույն  ստաֆիլոկոկի, կապույտ թարախային ցուպիկի եւ շատ այլ պաթոգենների բազմացումը։

Այդ մոլեկուլների հատկությունների եւ բնույթի բացահայտման համար կենսաբաններն օգտագործել են աղիքային ցուպիկի հատուկ շտամները՝ համատեղ մշակված չինացի եւ ռուս հետազոտողների կողմից։ Դրանք տարբերվում են այդ մանրէի մյուս տեսակներից նրանով, որ դրանցում չկան որոշ պաշտպանական մեխանիզմներ, որոնք հակազդում են հակաբիոտիկների որոշ տեսակների աշխատանքին։ Մանրէների այս հատկությունը թույլ է տալիս դրանք օգտագործել դեղերի տարբեր տեսակների առկայությունը պարզելու համար ուսումնասիրվող էքստրակտներում եւ բնական միջավայրերում։

Օգտագործելով այդ կենդանի «գործիքը» եւ խրոմատոգրաֆիայի ու մաս-սպեկտրոմետրիայի համակարգերը՝ գիտնականները հայտնաբերել են, որ Տիբեթի մանրէները արտադրում են լայնորեն կիրառվող հակաբիոտիկներ՝ ռիֆամիցին, կադամիցին եւխադամիցին։ Դա Տիբեթը դարձնում է հեռանկարային շրջաներից մեկն աշխարհում նոր բնական հակաբիոտիկների որոնման առումով, նշել են հետազոտողները։

«Այս միացություններն արդեն հայտնի են որպես հակաբիոտիկներ, բայց միեւնույն է՝ դրանց առկայությունն այսքան հեռավոր եւ բարձրլեռնային շրջանում որոշ իմաստով անսպասելի էր։ Նման բնական միջավայրերում կարող են թաքնվել նաեւ անհայտ հակաբիոտիկներ, որոնք, հավանաբար, մենք կկարողանանք գտնել հաջորդ անգամ»,- նշել է «Սկոլտեխի» ավագ դասախոս Դմիտրի Լուկյանովը, որի խոսքերը մեջբերել է բուհի մամուլի ծառայությունը։