Ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից խոսակցություններ են լինում, որ բժիշկները հատուկ ֆիրմայի դեղին են նախապատվությունը տալիս, որ կապեր ունեն ֆիրմաների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ մարտի 1-ից 470 անվանում դեղեր դուրս են գրվելու բացառապես էելկտրոնային եղանակով:

«Էլեկտրոնային ղեղատոմսը մեզ հնարավորություն է տալիս տեսնել հետագծելիությունը, թույլ է տալիս ստուգել դեղատոմս դուրս գրողի եւ դեղատան կապը: Մենք տեսնելու ենք, թե դեղն ով է դուրս գրել եւ որտեղից է դեղը վերցրել, եւ եթե անկանոնություններ նկատվեն… Նաեւ օբյեկտիվ խնդիրներ կան, օրինակ, բժիշկներ կան, որ ասում են՝ ես համոզված եմ այս դեղի ազդեցության վրա, որովհետեւ իմ պրակտիկան բերել է դրան»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հստակեցրեց. «Մենք մի քայլ ավել ենք գնացել, ոչ թե դեղի անունն է գրվելու, այլ դեղանյութի: Եվ եթե այդպես է, ապա առհասարակ բժիշկը չի կարող ուղղորդել: Արդեն գնորդն է որոշում դեղանյութ պարունակող համապատասխան ակտիվության դեղը ինչ անուն ունենա կամ որ արտադրողի կողմից լինի»:

Առողջապահության փոխնախարար Ջումայանն ասաց. «Դեղը դուրս է գրվելու ազդող նյութով, ոչ թե դեղի անվանումով: Քանի որ տվյալ ազդող նյութով կարող են 5-10 անվանումներով լինեն, բուժառուն հնարավորություն ունի  ընտրելու, թե որն է ուզում՝ ըստ մատչելիության: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում դեղատան աշխատակիցը չի կարող դոզայի կամ քանակի փոփոխություն կատարել, որն այսօր, ցավոք, նկատում ենք: Այստեղ մենք խզել ենք նաեւ կապը բժշկի հետ, որ չլինեն այդ ուղղորդումները»:

Փոխնախարարը նշեց նաեւ, որ այս ամենը կատարվելու է «Արմեդ» համակարգով եւ ամեն ինչ պատրաստ է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց. «Այստեղ շատ կարեւոր եւս մեկ հարց է լուծվում, երբ դեղատոմսը կապվում է իմ հիվանդության պատմության հետ: Եթե իմ անունով դուրս գրվեց ինչ-որ մի դեղ, որը կապ չունի իմ հիվանդության սիմպտոմատիկայի հետ, դա ահազանգ է»: