Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում դենգե տենդով վարակման եւս 1431 դեպք է բացահայտվել: 2014թ.-ին վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 21,5 հազարի է հասել: Սինխուա գործակալության հաղորդմամբ, հիվանդությանը զոհ է գնացել 6 մարդ: 

ՉԺՀ-ի առողջապահության եւ պլանային ծնելիության հարցերով պետական կոմիտեն մի շարք միջոցառումներ ձեռնարկելու, մասնավորապես՝ տենդի տարածման համար պատասխանատու մոծակների բազմացման վայրերում՝ հատկապես անհոս ջրամբարներում միջատազերծում իրականացնելու մասին հանձնարարական է իջեցրել:

Նահանգում հիվանդության տարածմանը նպաստող գլխավոր գործոնը, փորձագետների հավաստիացմամբ, այն է, որ վերջին տարիներին նկատվող կլիմայական փոփոխությունների եւ ուրբանիզացիայի բարձր տեմպերի արդյունքում մոծակների թվի՝ նորմայից 5 անգամ բարձր ցուցանիշ է հրահրվել:

Ճապոնիայի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 19-ին տարածված հաղորդագրության համաձայն, երկրում դենգե տենդով վարակվածների թիվը 141-ի է հասել: Բոլոր հիվանդները 47 նահանգներից 17-ի բնակիչներ են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ամեն տարի ողջ աշխարհում դենգե տենդով վարակվածների թիվը շուրջ 100 մլն-ի է հասնում: