Կրծքավանդակի եւ մեջքի հատվածում ի հայտ եկած ցավերից բողոքող տղամարդն ապշել էր՝ իմանալով, որ անհարմարությունների պատճառը դեռեւս 40 տարի առաջ մարմնի մեջ խրված ակուպունկտուրային ասեղն է:

60-ամյա Սյույ Լոնգը դեռեւս զինվորական ծառայության տարիներին՝ 1974թ.-ին է առաջին եւ վերջին անգամ ասեղնաբուժության ենթարկվել՝ ստամոքսի ցավից ազատվելու համար: Ռազմական բժշկի խորհրդով իրականացված բուժման կուրսն, այդուհանդերձ, անօգուտ չէր անցել՝ ասեղնաբույժի մոտ առաջին իսկ այցելությունից հետո ցավերը վերացել էին, հաղորդում է Mail Online-ը:

«Սկզբից ամեն ինչ շատ լավ էր՝ ստամոքսի ցավեր այլեւս չունեի եւ հրաշալի էի զգում ինձ: Բայց որոշ ժամանակ անց մեջքիս եւ կրծքավանդակիս հատվածում տարեց տարի ուժգնացող ցավեր ի հայտ եկան: Ամեն անգամ բժշկի դիմելիս նույն պատասխանն էի ստանում՝ ասում էին՝ պատճառը ծերությունն է», - պատմում է տղամարդը:

Ի վերջո ցավն այնքան անտանելի էր դարձել, որ բժիշկները որոշել էին ռենտգեն հետազոտություն իրականացնել, ինչի արդյունքում էլ պարզվել էր, որ տղամարդու որովայում օտարածին մարմին կա: Սյույ Լոնգի համոզմամբ, 40 տարի առաջ տեղի ունեցած բժշկական պրոցեդուրայի ընթացքում ասեղներից մեկը երկու մասի է բաժանվել: Մեկը հանվել է, մյուսը՝ օրգանիզմում մնացել:

3 սմ երկարությամբ ասեղի հեռացման նպատակով վիրահատությունն իրականացրած բժիշկը պատմել է, որ, «աղիքների մեջ խրված ասեղը սեւացել էր եւ, հիվանդի օրգանիզմում տասնամյակներ անցկացնելու արդյունքում, մի քանի անգամ հաստացել»:  Մասնագետը նաեւ ենթադրություն է հայտնել, որ օտարածին մարմինը, նախքան անշարժ վիճակում հայտվելը եւ անհարմարություն պատճառելը, բավականին երկար ժամանակ ճամփորդել է տղամարդու օրգանիզմով: