Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի գերմանացի գիտնական-բժիշկները հետազոտել են մի տղամարդու, որն ինքնակամ ավելի քան 200 պատվաստում է ստացել կորոնավիրուսային վարակի դեմ։ Հետազոտությունը հրապարակվել է The Lancet Infectious Diseases (TLID) ամսագրում։
Մինչ այժմ պարզ չէր, թե նման հիպերպատվաստումն ինչ ազդեցություն կարող է ունենալ իմունային համակարգի վրա։ Մասնագետներից ոմանք կարծում էին, որ իմունային բջիջները պակաս արդյունավետ կդառնան հակագեներին վարժվելուց հետո։ Սակայն զննվող մարդու մոտ դա տեղի չի ունեցել. նրա իմունային համակարգը լիովին ֆունկցիոնալ է։
Գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստումների սիրահարի մասին իմացել են ԶԼՄ-ներից եւ առաջարկել դառնալ հետազոտության մասնակից։ Բժիշկներին հաջողվել է հաստատել 134 պատվաստում հայտարարված 217-ից։ Տղամարդու խոսքով՝ նա որոշել է այդ քանակությամբ պատվաստվել անձնական պատճառներով։ Ինչպես ցույց են տվել արյան ուսումնասիրությունները, որոշակի իմունային բջիջներ եւ հակամարմիններ SARS-CoV-2-ի դեմ ներարկումների սիրահարի օրգանիզմում զգալիորեն ավելի բարձր խտություններով են եղել, քան այն մարդկանց մոտ, որոնք ընդամենը հակաքովիդային պատվաստանյութի երեք չափաբաժին են ընդունել։
Հետազոտողներն այդ էֆեկտոր բջիջների որեւէ հոգնածություն չեն նկատել, դրանք նույնքան արդյունավետ են եղել, ինչպես եւ ներարկումների սովորական չափաքանակ ստացած վերահսկիչ խմբի բջիջները։
Հետագա թեստերը ցույց են տվել, որ այլ պաթոգենների դեմ իմունային համակարգի արդյունավետությունը չի փոխվել։ Այսպիսով, ըստ երեւույթին, հիպերպատվաստումը չի վնասել իմունային համակարգը որպես այդպիսին, նշել են գիտնականները։ Միեւնույն ժամանակ, բժիշկները խորհուրդ չեն տալիս կորոնավիրուսի դեմ երեք պատվաստումից ավելին անել։






