Բրոուդի ինստիտուտի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են գենետիկ ակտիվության փոփոխությունների նմանատիպ հավաքածու շիզոֆրենիա ունեցող պացիենտների եւ տարեց մարդկանց գլխուղեղի հյուսվածքներում։ Հետազոտությունը հրապարակվել է գիտական Nature ամսագրում։

Հայտնագործությունը ենթադրում է կոգնիտիվ խախտումների ընդհանուր կենսաբանական հիմք, որոնք առաջանում են ինչպես շիզոֆրենիայի ժամանակ, այնպես էլ տարեց հասակում։

Նեյրոկենսաբաններն ուսումնասիրել են 191 մարդու ուղեղի հյուսվածքի ավելի քան միլիոն առանձին բջիջների գեների էքսպրեսիան (ակտիվացումը)։ Այդ մարդիկ իրենց մարմինները կտակել էին գիտությանը։ Մասնագետները հայտնաբերել են, որ թե՛ շիզոֆրենիայով տառապող, թե՛ տարեց մարդկանց մոտ ուղեղի երկու տեսակի բջիջներ նվազեցնում են գեների էքսպրեսիան, որոնք պահպանում են կապը նեյրոնների միջեւ։ Խոսքը սինապսների եւ աստրոցիտների մասին է։

Աստրոցիտները նյարդային հյուսվածքի բջիջների տեսակներից են, որոնք կարեւոր դեր են խաղում առողջ ուղեղի գործունեությունն ապահովելու համար։ Դրանք պահպանում են ներքին միջավայրի կայունությունը, հյուսվածքներին մատակարարում են թթվածին եւ սննդարար նյութեր, կարգավորում իոնների մակարդակը եւ պաշտպանում օրգանը վնասակար նյութերից։

Սինապսները շփման տեղն են երկու նեյրոնների կամ նեյրոնի ու մեկ այլ բջջի միջեւ։ Դրանք կարեւոր դեր են խաղում մի նեյրոնից մյուսին նյարդային ազդակների հաղորդման գործում։ Սինոպսներից են կախված հիշողությունը եւ ուսուցման ունակությունը։

Թիմը բնորոշ փոփոխությունների հավաքածուն անվանել է «Սինապտիկ նեյրոնների եւ աստրոցիտների ծրագիր»։

«Գիտությանը վաղուց հայտնի է, որ նեյրոնները եւ սինապսները կարեւոր դեր են խաղում շիզոֆրենիայի առաջացման գործում։ Մենք հայտնաբերել ենք, որ աստրոցիտները, հավանաբար, նույնպես ներառված են  այդ պրոցեսում»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Էմի Լինգը։

Գիտնականները կարծում են, որ ուղեղի նմանատիպ փոփոխություններ կարող են լինել նաեւ հոգեկան այլ հիվանդությունների դեպքում, ներառյալ երկբեւեռ խանգարումը եւ դեպրեսիան։