Լիխտենշտեյնի Իշխանության Մասնավոր Համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով վարակված տղամարդկանց մոտ մաշկի ջերմաստիճանի, շնչառության հաճախության և սրտի հաճախության ավելի մեծ աճ է նկատվում, քան կանանց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 1163 մարդ, որոնցից 127-ի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նշվում է, որ բոլոր մասնակիցները դաստակներին կրել են հատուկ Ava բժշկական սարքեր, որոնք տվյալներ են հավաքել մարմնի ջերմաստիճանի, զարկերակի, շնչառության ռիթմի և այլ ֆիզիոլոգիական պրոցեսների վերաբերյալ։ Հետազոտողներն օգտագործել են այս տեղեկատվությունը՝ տղամարդկանց և կանանց միջև COVID-19 ախտանիշների տարբերությունները պարզելու համար:
Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված տղամարդկանց մարմնի ջերմաստիճանը, շնչառությունը և սրտի հաճախությունը ավելի բարձր է եղել, քան կանանց մոտ։ Նրանք նաև ցույց են տվել սրտի հաճախության փոփոխականության ավելի մեծ նվազում՝ յուրաքանչյուր սրտի բաբախման ժամանակի ավելի փոքր տարբերություն:
Սրտի հաճախականությունը տատանվում է, այն հաստատուն չէ, քանի որ սրտանոթային համակարգը ստիպված է շարունակաբար հարմարվել մարմնի կարիքներին՝ արյուն մատակարարելով նրա բջիջներին և օրգաններին: Փոփոխականության պարամետրերի նվազումը վկայում է ավելորդ հոգնածության և սրտի պատշաճ տոնուսի բացակայության մասին:
Գիտնականները նաև նշել են, որ հիվանդության սուր փուլն ավարտվելուց հետո կանանց մոտ շնչառության դժվարություն և հոգնածություն է առաջանում։






