Բազմակի պատվաստումների առավելությունները, սահմանափակումները եւ վտանգները քիչ են ուսումնասիրված։ Քովիդի համավարակի ժամանակ գերմանացի բժիշկները հնարավորություն են ստացել ավելի լավ ուսումնասիրելու դա շնորհիվ Մագդեբուրգի 62-ամյա բնակչի, որը երկուսուկես տարում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 200 անգամ, գրել է Naked-Science-ը։
Գիտնականներն այս մասին իմացել են թերթերից։ Դատախազությունը հաստատել է նրա 134 պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Բայց տղամարդն ասում է, որ պատվաստվել է 217 անգամ։ Նրա գործողությունները, որոնք խախտել են բժիշկների հանձնարարականները, բացատրել են «անձնական մոտիվներով»։
Ֆրիդրիխ-Ալեքսանդրի համալսարանի (Էրլանգեն եւ Նյուրնբերգ) մասնագետները կապվել են պացիենտի հետ եւ հրավիրել բուժզննում անցնել՝ հասկանալու համար հիպերպատվաստման իմունաբանական հետեւանքները։ Տղամարդը համաձայնել է եւ արյան եւ թքի անալիզ հանձնել։ Նրա խնդրանքով հետազոտության ժամանակ նրան մեկ անգամ էլ են պատվաստել։
Նախնական եւ երկրորդ պատվաստումները կարողացել են ուժեղացնել օրգանիզմի իմունային պատասխանը վարակին, բայց որոշ հակագեների քրոնիկական ազդեցությունը տեսականորեն կարող է հանգեցնել իմունաբանական հանդուրժողության, այսինքն՝ պաթոգենին իմունային պատասխանի բացակայության։
Նման էֆեկտ նկատվում է քրոնիկական վարակների ժամանակ։ T- լիմֆոցիտները կամ Т- բջիջները, որոնց օգնությամբ օրգանիզմը ճանաչում եւ ոչնչացնում է օտար անտիգեն ունեցող բջիջներին, կարծես «հոգնում» են եւ ավելի քիչ հակաբորբոքային նյութեր արտադրում։ Նման «վարժման» դեպքում իմունային համակարգը թուլանում է եւ արդեն չի կարողանում լիարժեք պայքարել պաթոգենի դեմ։
Գերմանացի բժիշկների հետազոտությունը ցույց է տվել, որ մագդեբուրգցի պացիենտի դեպքում նման բան տեղի չի ունեցել։
Անալիզների արդյունքներով տղամարդու մոտ պարզել են էֆեկտոր Т- լիմֆոցիտների բարձր մակարդակ, որոնք ապահովում են իմունային պատասխանը SARS-CoV-2 վիրուսին։ Դրանք նրա մոտ անգամ ավելին էին, քան վերահսկիչ խմբի պացիենտների մոտ, որոնք երեք անգամ էին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Բժիշկները չեն նկատել T- լիմֆոցիտների հոգնածության որեւէ նշան, նրանք վիրուսի դեմ պայքարել են նույնքան արդյունավետ, որքան եւ վերահսկիչ խմբի մասնակիցների բջիջները։ Բացի այդ, հիշողության Т- բջիջները մագդեբուրգցի պացիենտի մոտ նույնքան բարձր են եղել, ինչքան եւ վերահսկիչ խմբում։
Այսպիսով, բժիշկները վկայություն չեն գտել իմունային պատասխանի թուլացման մասին, ավելի շուտ՝ հակառակը։ Ավելին, 217-րդ պատվաստումը կորոնավիրուսի դեմ, որը տղամարդը ստացել է հետազոտության ընթացքում, միեւնույն է, ազդեցություն է ունեցել. դրանից հետո հակամարմինների քանակը զգալիորեն ավելացել է։
Աշխատանքի, որը հրապարակվել է The Lancet Infectious Diseases ամսագրում, հեղինակների խոսքով՝ հիպերպատվաստման նկատելի կողմնակի ազդեցությունների բացակայությունը վկայում է դեղամիջոցների լավ յուրացվելու մասին։ Սակայն գիտնականներն ընդգծել են, որ խոսքը եզակի դեպքի մասին է եւ հեռուն գնացող եզրակացություններ չեն արել կամ խորհուրդներ չեն տվել բնակչությանը։






