Եվրոպայում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման առաջին դեպքն է գրանցվել. մահացու վտանգավոր հիվանդությունը մի իսպանացի բուժքրոջ մոտ է ախտորոշվել, ով որոշ ժամանակ առաջ Սիերա-Լեոնեում վարակված եւ հայրենիք՝ Մադրիդում գործող «Կառլոս III» հիվանդանոց տեղափոխված հոգեւորական Մանուել Գարսիա Վիեխոյի խնամքով էր զբաղվում:
EFE գործակալության հաղորդմամբ, իսպանուհու մոտ վիրուսի առկայությունը երկու ախտորոշմամբ է հաստատվել: Կինը նախապես Մադրիդի արվարձաններից մեկում գտնվող Ալկորկոն հոսպիտալի խնամքին է հանձնվել, որտեղից էլ՝ «Կառլոս III» տեղափոխվել:
Հիշեցնենք, որ Մանուել Գարսիա Վիեխոն սեպտեմբերի 25-ին է մահացել: Նա հեմոռագիկ տենդի երկրորդ իսպանացի զոհն էր: Մինչ այդ Լիբերիայից բուժման նպատակով նույն բուժհաստատություն էր տեղափոխվել եւս մեկ հոգեւորական՝ Միգել Պախարես անվամբ: Վերջինս էլ օգոստոսի 12-ին է մահկանացուն կնքել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը ներկայումս 3431 է կազմում, վարակման դեպքերինը՝ 7470:






