Չինաստանի գիտությունների ակադեմիային կից Հոնկոնգի արհեստական բանականության եւ ռոբոտատեխնիկայի կենտրոնը ներկայացրել է արհեստական բանականության գործիք նեյրովիրաբույժներին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post թերթը։
Արհեստական բանականության CARES Copilot 1.0 մոդելը նախատեսված է բժիշկներին օգնելու համար գլխուղեղի բարդ վիրահատությունների ժամանակ։ Ինչպես ասել է կենտրոնի ղեկավար Լյու Հունբինը, գործիքը կօգնի նեյրովիրաբույժներին իրականացնել «ավելի արդյունավետ կլինիկական ախտորոշում՝ հենվելով բավական թվով տեղեկատու նյութերի վրա»։
CARES Copilot 1.0-ը հիմնված է Llama 2 մեծ լեզվական մոդելի վրա, որը մշակել է Meta Platforms-ը (Meta կորպորացիան ՌԴ-ում համարվում է ծայրահեղական), որը ներառում է տեքստային ինֆորմացիա, պատկերներ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքներ, համակարգչային տոմոգրաֆիա, ուլտրձայանային վիզուալացում։
Ինչպես նշել է Լյու Հունբինը, հետազոտողները «գործիքը զինել են հազարավոր դասագրքերով նեյրովիրաբուժության վերաբերյալ»։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի բժիշկները ավելի լավ որոշումներ կայացնեն՝ ելնելով տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների համադրումից»,- ավելացրել է գիտնականը։
CARES Copilot 1.0-ը արդեն անցել է ներքին թեստավորում Հոնկոնգի որոշ բուժհաստատություններում։ Մոդելը ներդրվել է բժիշկների աշխատանքային գործունեությունում, որպեսզի օգնի նրանց «պատրաստել վիրաբուժական միջամտության պլաններ»։
Պարբերականը նաեւ նշել է, որ մոդելի ներկայացման ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի, գիտնականները ցուցադրել են, թե ինչպես է CARES Copilot 1.0-ը հաշված վայրկյաններում գեներացնում կարեւոր ինֆորմացիան բազմաթիվ գիտական հոդվածներից։ Հետազոտողների խոսքով՝ գործիքի ճշգրտությունը հասնում է 95 տոկոսի։






