Դա Վինչի համակարգի ռոբոտ-վիրաբույժի օգնությամբ իրականացվող վիրահատության թերությունը չափազանց բարձր արժեքը (1,5-2 մլն եվրո) եւ սպասարկման ծախսերն են: Ռոբոտի «ձեռքերն» ընդամենը 10 վիրահատության համար են նախատեսված: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, Վ.Ա. Ալմազովի անվան դաշնային բժշկական հետազոտական կենտրոնի ուրոլոգիայի գծով առաջնակարգ մասնագետ, Ռուսաստանում da Vinci-ն ներկայացնող պաշտոնական փորձագետ Միխայիլ Մոսոյանն է հայտնել, ով Երեւան է ժամանել՝ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XVI տարեկան կոնգրեսին մասնակցելու նպատակով: 

«Մեր կլինիկան (Դաշնային բժշկական հետազոտական կենտրոնը) Դա Վինչի համակարգի՝ ռոբոտի օժանդակությամբ վիրահատություն իրականացրած առաջին հաստատություններից մեկն է եղել Ռուսաստանում», - ընդգծել է դոկտոր Մոսոյանը: Անդրադառնալով համակարգի առավելություններին, վիրաբույժը նշել է, որ վիրահատությունը «մերկ» ձեռքերով իրականացնելու տարբերությունը, ի համեմատություն Դա Վինչիի «ձեռքերի», նույնն է, թե Երեւանից ջիպի փոխարեն ժիգուլիով Գյումրի հասնելու փորձ կատարել: «Նախ եւ առաջ, երկու ձեռքերի փոխարեն երեքն ունեք: Երկրորդ, ռոբոտի օգնությամբ առավել բարձր հասանելիություն է ապահովվում: Եվ, ի վերջո, էկրանի վրա կարելի է ամեն ինչ եռաչափ պատկերմամբ ու բազմակի անգամ խոշորացմամբ տեսնել: Ռոբոտի ձեռքերը ղեկավարելով՝ կարծես ինքդ էլ հիվանդի օրգանիզմ ես ներթափանցում», - իր զգացողություններն է նկարագրել վիրաբույժը՝ հավելելով, որ Դա Վինչիի օգնությամբ կարելի է ոչ միայն ուրոլոգիական, այլ նաեւ օրգանիզմի բոլոր տեսակի փափուկ հյուսվածքների վիրահատություն իրականացնել:

Աշխարհի բոլոր առաջնակարգ կլինիկաներում ուրոլոգիական պրոցեդուրաների 70 տոկոսը, գլխավորապես՝ ռադիկալ պրոստատէկտոմիայի, երբեմն նաեւ՝ երիկամների աբլյացիայի եւ միզային համակարգի անոմալիաների շտկման պարագայում, ռոբոտների օգնությամբ են իրականացվում: Միացյալ Նահանգներում շագանակագեղձի քաղցկեղով տառապող հիվանդները օրգանի հեռացմանը միտված վիրահատությունների 80 տոկոսի պարագայում (տարեկան դեպքերի թիվը՝ 73 000) Դա Վինչի վիրաբուժական ռոբոտի օգնությանն են դիմում: Ֆրանսիայում հիշյալ ցուցանիշը 25 տոկոս է կազմում:

Ի պատասխան հարցի, թե արդյոք հույսեր կան, որ ոչ այնքան հեռավոր ապագայում Հայաստանում կարող է նմանատիպ ռոբոտ հայտնվել, դոկտոր Մոսոյանը նշել է. «Դա Վինչի ռոբոտացված համակարգը վիրաբույժներին տարածության վրա վիրահատություն իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Բժիշկը կարող է, կաբինետը չլքելով, դաշտային պայմաններում գտնվող հիվանդի վիրահատությունն իրականացնել: Որոշ երկրներում այդպիսի պրոցեդուրայի իրականացման փորձեր արվել են: Նախորդ այցելություններից մեկի ընթացքում այդ մասին խոսել եմ Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար  Դավիթ Տոնոյանի հետ, եւ գաղափարն անչափ դուր էր եկել նրան: Իհարկե՝ Դա Վինչի ռոբոտն էժան հաճույքներից չէ: Բայց կարելի է նաեւ նախորդ սերնդի արտադրանքներից մեկը ձեռք բերել: Բացի այդ, ներկայումս նմանատիպ ռոբոտի մշակմանը միտված աշխատանքներ նաեւ Ռուսաստանում եւ Ճապոնիայում են ընթանում», - նշել է վիրաբույժը: