Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ մինչև 50 տարեկան կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը զգալիորեն աճել են վերջին երկու տասնամյակների ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA (The Journal of the American Medical Association) Network Open-ում:
Հետազոտական թիմը վերլուծել է ԱՄՆ-ում ավելի քան 217,000 կանանց տվյալները, որոնց մոտ ախտորոշվել է կրծքագեղձի ցանկացած տեսակի քաղցկեղ 2000-ից 2019 թվականներին: 2000 թվականին կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը 20-ից 49 տարեկան կանանց մոտ կազմում էր մոտ 64 դեպք 100 հազար մարդու հաշվով: Հաջորդ 16 տարիների ընթացքում այս ցուցանիշը դանդաղ աճեց՝ տարեկան աճելով մոտ 0,24%-ով։ Մինչեւ 2016 թվականը 100 հազար կանանցից մոտավորապես 66-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել:
2016-ի վերջին, գիտնականները դեռևս չուսումնասիրած պատճառներով, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության մակարդակն աճել է 3,76%-ով։ Մինչև 2019 թվականը 100 հազարից միջինում 74 երիտասարդ կնոջ մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը: Հետազոտողները նաև պարզել են, որ հիվանդացության աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է էստրոգենի ընկալիչ-դրական ուռուցքների քանակի աճով: Կրծքագեղձի քաղցկեղի այս տեսակը կախված է հորմոններից՝ զարգանում է կանացի հորմոնների ազդեցության տակ:
Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականության զգալի տարբերություններ՝ կախված ծննդյան տարուց: Մասնավորապես, 1990 թվականին ծնված կանանց մոտ այս հիվանդության առաջացման վտանգը 20%-ով ավելի մեծ է, քան հինգ տարի անց ծնված կանանց մոտ:






