Հայաստանի մարզերում հարկավոր է ժամանակակից սարքավորումներով հագեցած ուրոլոգիական կլինիկաներ բացել: Այս կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում արտահայտել է ուրոլոգ Կարո Դերձակյանը (Կալիֆորնիա):
Ուրոլոգիան, մասնագետի խոսքով, բժշկության այնպիսի ոլորտ է, որտեղ շատ բան կախված է բժիշկին հասանելի տեխնոլոգիաներից եւ սարքավորումներից, առանց որոնց բազմաթիվ միջամտություններ իրականցնելն անհնար է: Չնայած այն բանին, որ Երեւանում գործող շատ կենտրոններն ու դրանց աշխատակիցները գրեթե ոչինչնով չեն զիջում միջակ եվրոպական կլինիկաներին եւ մասնագետներին, Հայաստանի մարզերում աշխատող շատ ուրոլոգներ չունեն ժամանակակից սարքավորումներ եւ այդ պատճառով շատ են զիջում իրենց գործընկերներին:
Կարո Դերձակյանի կարծիքով, հարկավոր է այնպես անել, որ երկրում բոլոր կլինիկաները մոտավորապես նույն հագեցվածությունն ունենան, իսկ մարզերում ստեղծել նոր կենտրոններ, որտեղ կլինեն նորագույն սարքավորումներ եւ որտեղ հնարավոր կլինի առաջադեմ ուրոլոգիական հետազոտություններ եւ վիրահատություններ անցկացնել: Այդ դեպքում հիվանդները ստիպված չեն լինի խնդիրներ ունենալու դեպքում մարզերից գալ Երեւան:
Մասնագետի խոսքով՝ ճիշտ է, Հայաստանը փոքր երկիր է, եւ Երեւան գալու համար շատ երկար ճանապարհներ անցնել պետք չէ, բայց շատ լավ կլիներ, եթե ամեն մարզում գոնե մեկ կամ երկու կենտրոն բացվեր: Այդ կենտրոնները կհամագործակցեին Երեւանի լավագույն կլինիկաների հետ, մասնագետները շփվեին միմյանց հետ, եւ դա կնպաստեր բժշկության զարգացմանը մարզերում, ոչ միայն Երեւանում: Կարո Դերձակյանի կարծիքով, այսօր Հայաստանում հենց դրան է պետք ձգտել:






