Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնը Հայաստանի՝ անհաս երեխաների խնամքով զբաղվող բուժքույրերին ուսումնական նյութեր է տրամադրելու: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի աշխատակից Ջա-Յուն Չոն (ԱՄՆ):
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում չկա հստակ ուսուցման ծրագիր նորածին հիվանդներին հետեւող բուժքույրերի համար, այդ պատճառով, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնը եւ Eye Care Project-ը միավորվել են՝ Հայաստանին բացակայող նյութերը տրամադրելու համար:
Մասնագետը նշել է, որ անհաս ծնված երեխաները շատ փխրուն են, եւ նրանց հիվանդանոցային խնամքի ժամանակ ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել: Նման երեխաներին ճիշտ խնամելու համար բուժաշխատողներին հատուկ գիտելիքներ են հարկավոր, եւ հենց այդ գիտելիքները նրանք կստանան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ուսումնական նյութերից:
«Մենք Հայաստանին ենք տրամադրելու Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի սեփական նյութերը, եւ ինտերնետի միջոցով ուսուցանող վիդեոներ եւ հարցաշարեր ենք ուղարկելու», - պատմել է Ջա-Յուն Չոն:
Առաջարկվող կուրսը բուժքույրերին ստանդարտացված վերապատրաստում կտրամադրի, այնպես որ բոլոր բուժքույրերը նույն գիտելիքները կունենան եւ կիմանան այն ամենը, ինչ պետք է իմանալ՝ անհաս երեխաներին խնամելիս:
Նյութերը, Ջա-Յուն Չոյի խոսքով, ստանալու են ոչ միայն "Մուրացան" եւ "Արմենիա" բժշկական կենտրոնները, այլեւ մի շարք այլ հիվանդանոցներ՝ Երեւանում եւ մարզերում:
Ջա-Յուն Չոն նշել է նաեւ, որ ապագայում Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի մասնագետները հույս ունեն նաեւ մեկ այլ ծրագիր մեկնարկել Հայաստանում՝ ուղղված նեոնատալ բժիշկների վերապատրաստմանը:






