Բրիտանացի բժիշկ-սննդաբան Դուեյն Մելորը Ասթոնի համալսարանից The Conversation-ին պատմել է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումն ածխաջրերով հարուստ վարսակի շիլայի օգտագործումից հետո մարսողության պրոցեսի բնական մասն է։

Վարսակի շիլան շիլաների ամենահանրահայտ տեսակներից է։ Վարսակը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, բջջանյութ եւ հեշտ մարսվող սպիտակուց։ Բժիշկը նշել է, որ վերջերս ինտերնետում տարածում է գտել տեղեկություն վարսակի շիլայի պոտենցիալ վնասի, մասնավորապես՝ արյան մեջ շաքարը բարձրացնելու նրա ունակության մասին։ Հայտնի է, որ գլյուկոզայի մակարդակի խիստ բարձրացումը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի։

Մելորը նշել է, որ ածխաջրեր պարունակող մթերքները (կարտոֆիլ, վարսակ եւ այլ հացահատիկեղեն) մարսողության ընթացքում տրոհվում են շաքարի (հիմնականում գլյուկոզայի, ֆրուկտոզայի եւ գալակտոզայի)։ Ըստ սննդի տրոհման՝ շաքարի մակարդակն արյան մեջ սկսում է բարձրանալ։ Դա մարսողության պրոցեսի բնական մասն է։ Յուրացված շաքարը կարող է անմիջապես ծախսվել օրգանիզմի կողմից որպես էներգիայի աղբյուր կամ կուտակվել մկաններում եւ լյարդի բջիջներում՝ հետագա օգտագործման համար։

Որոշ մթերքներ ավելի երկար են մարսվում։ Դա նշանակում է, որ սնունդը ավելի շատ ժամանակ է անցկացնում ստամոքսում՝ աղիներում հայտնվելուց առաջ։ Դա առաջ է բերում թույլ, բայց արյան մեջ շաքարի մակարդակի ավելի երկարատեւ բարձրացում։ Սննդաբանը նշել է, որ սննդամթերքներում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխության վրա ածխաջրերի ազդեցության ցուցիչը կոչվում է գլիկեմիկ ինդեքս։

Գլիկեմիկ ինդեքսը ցույց է տալիս, որ վարսակի շիլայում պարունակվող շաքարները յուրացվում են երկու երրորդով ավելի արագ, քան սպիտակ հացում պարունակվող շաքարները։ Վարսակի շիլան համարվում է միջին գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերք։ Սակայն այն մարսվում է ավելի դանդաղ, քան շատ այլ ածխաջրային մթերքներ։ Դա նշանակում է, որ վարսակի շիլայի օգտագործումը ապահովում է կուշտ լինելու երկարատեւ զգացողություն եւ չի բարձրացնում շաքարային դիաբետի առաջացման վտանգը։