Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Նինա Կապուրը այսօր արյան եւ ոսկրածուծի փոխպատվաստման, ինչպես նաեւ բջջային թերապիայի վերաբերյալ դասախոսություն է ընթերցել Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում:
Գլխավորապես բժշկական ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպված դասախոսության ընթացքում Նինա Կապուրը փոխպատվաստման տիպերը, ոսկրածուծի փոխպատվաստումից հետո հնարավոր բարդությունները եւ դրանց հաղթահարման եղանակներն է ներկայացրել: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ համատեղելի դոնորների որոնմանը վերաբերող հարցերին, առ այն, թե ինչպես կարելի հասկանալ՝ համատեղելի է դոնորը, թե՝ ոչ, եւ որ դոնորներին (ըստ սեռի, տարիքի եւ այլ տվյալների) պետք է նախապատվություն տալ:
Բժշկական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանի համոզմամբ, դասախոսությունը օգտակար եւ հետաքրքիր է եղել ապագա բժիշկների համար, քանի որ տրանսպլանտոլոգիայի բոլոր մանրամասներին ծանոթանալու եւ հեմատոլոգիայի ու իմունոլոգիայի ոլորտներում դրա կիրառելիությունը պատկերացնելու հնարավորություն է ընձեռել մասնակիցներին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Կոստանտին Ենկոյանն ընդգծել է, որ դասախոսությունը օգտակար էր նաեւ այն հանգամանքի շնորհիվ, որ ցույց է տվել ուսանողներին, թե ինչպես են ժամանակակից, մասնավորապես՝ տրանսպլանտացիայի ոլորտը ներկայացնող տեխնոլոգիաները բժշկության մեջ պրակտիկ կիրառություն գտնում:
Պրոռեկտորի խոսքով, դասախոսության ընթացքում ստացված գիտելիքներն օգտակար կլինեն ապագա բժիշկներին՝ հետագայում առավել հեշտ կողմնորոշվելու եւ բուժում նշանակելիս (հատկապես օնկոլոգիական, հեմատոլոգիական եւ որոշ ժառանգական հիվանդությունների պարագայում) նաեւ ժամանակակից տրանսպլանտոլոգիայի հնարավորությունները հաշվի առնելու համար:






