Երեք ծնողներով երեխա լույս աշխարհ բերելու հնարավորություն ընձեռող տեխնոլոգիան պետք է արգելանքի տակ դրվի: Այս՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին ուղղված կոչով մի խումբ գիտնականներ են հանդես եկել:

Sunday Times պարբերականի միջոցով Մեծ Բրիտանիայի գիտության եւ նոր տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովի անդամներին ուղղված նամակի տեքստում գիտնականներն ընդգծում են, որ միտոխոնդրիալ փոխարինողական թերապիայի անվտանգության հաստատման տեսանկյունից դեռեւս հավելյալ կլինիկական հետազոտությունների կարիք է զգացվում: 

Գիտնականների համոզմամբ, երեխայի բեղմնավորման նպատակով երեք ծնողներից ստացվող «հումքը» գենետիկ ինժեներիայի արդյունք է, ինչը չի կարող թույլատրելի լինել: Խոսքն այն տեխնոլոգիայի մասին է, որը կնոջ ձվաբջջի վնասված միտոխոնդրիալ ԴՆԹ-ի փոխարինում է ներառում՝ երեխային վտանգավոր հիվանդությունների, մասնավորապես՝ մկանային դիստրոֆիայի փոխանցումը բացառելու համար:

Մեթոդի հեղինակները պնդում են, որ երեխայի մեկ ԴՆԹ-ի փոխարինումը չի կարող նրա անհատականության եւ արտաքին տվյալների վրա անդրադառնալ: Այդուհանդերձ, ընդդիմադիրների համոզմամբ, միտոխոնդրիան վճռորոշ դերակատարում է ապահովում՝ մարդու կյանքի կարեւորագույն ասպեկտներում: Հետեւապես, նման կերպ լույս աշխարհ բերված երեխաները կարող են երեք ծնողներից էլ որոշակի կարեւորագույն հատկանիշներ ժառանգել, ինչը, էթիկայի տեսանկյունից, լուրջ հակասություններ է ծնում:

Այս շաբաթ Մեծ Բրիտանիայում արտամարմնային բեղմնավորման պրակտիկայի փոփոխություն ենթադրող օրինագծի քննարկումներ են ընթանում: Հավանության արժանանալու պարագայում բժիշկներն այսուհետ կարող են, անպտղության բուժման պարագայում, երբ երկու ծնողներից երեխայի բեղմնավորումը կարող է լուրջ եւ կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների փոխանցման հանգեցնել, երեք ծնողներից ստացված գենետիկ «հումքի» կիրառման պրակտիկայի օգնությանը դիմել: