«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-4, շատ կարեւոր էր երիտասարդ մասնակիցների, մասնավորապես՝ ուսանողների համար։ Այս կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում արտահայտել է «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը։
Նրա խոսքով՝ շատ ողջունելի էր այն փաստը, որ գիտաժողովին ներկա էին բազմաթիվ ուսանողներ, որոնք մեծ հետաքրքրությամբ լսում էին ներկայացվող նյութերը։ Գուցե որոշ բաներ նրանց համար պարզ ու հասկանալի չէին, բայց նույնիսկ եթե գիտաժողովը նրանց մեջ հետաքրքրություն առաջացրեց դեպի տրանսպլանտոլոգիան եւ իմունոգենետիկան, դա արդեն մեծ ձեռքբերում է։ Գիտաժողովից հետո երիտասարդները հավանաբար կկարդան գրքեր եւ հոդվածներ տրանսպլանտոլոգիայի եւ իմունոգենետիկայի մասին, եւ գուցե նրանցից ոմանք կընտրեն այս ոլորտները որպես ապագա մասնագիտություն։
Ֆրիդա Ջորդանի խոսքով՝ նման գիտաժողովները շատ կարեւոր են երկրի ապագայի համար, քանի որ դրանք կարող են բազմաթիվ գիտելիքներ եւ նոր հետաքրքրություններ սերմանել երիտասարդների շրջանում եւ ստիպել նրանց խորանալ բժշկության այս հեռանկարային ոլորտներում։
Հիշեցնենք, որ գիտաժողովը անց էր կացվել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, եւ դրա շրջանակներում Հայաստան էին հրավիրված 12 դասախոս Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Նրանք ներկայացրել էին ոչ միայն տեսական ինֆորմացիա տրանսպլանտոլոգիայի եւ իմունոգենետիկայի մասին, այլեւ պարզաբանել էին, թե ինչպես են այդ ոլորտի տեսական գիտելիքները կիրառվում ժամանակակից բժշկության մեջ։ Ֆրիդա Ջորդանի փոխանցմամբ՝ դասախոսները տպավորված էին եւ մեծ բավականություն էին ստացել գիտաժողովից։






