Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնագետները պարզել են, որ  իմունիտետը կարող է նվազեցնել մարդու օրգանիզմի՝ ֆիբրոզի (միավորիչ հյուսվածքի սերտաճ այլ տեսակի վնասված հյուսվածքների տեղում, որը հանգեցնում է մահերի մեծ թվի զարգացած երկրներում) առաջացմանը դիմակայելու ունակությունը եւ առաջարկել են ֆիբրոզի դեմ նոր դեղերի ստեղծման ուղի, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ռուսական գիտական ֆոնդում։

Գիտնականները նշել են, որ ֆիբրոզը կարող է առաջանալ վնասվածքների կամ վարակիչ հիվանդությունների պատճառով, ցանկացած օրգանում, եւ հանգեցնել դրա աշխատանքի վատացման։

Ըստ վիճակագրությամն՝ ֆիբրոզի հետեւանքները բացատրում են մեծ թվով մահերը զարգացած երկրներում։

Ֆիբրոզի առաջացման գործում կարեւոր դեր է խաղում բորբոքային պրոցեսը։ Մի կողմից՝ այն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ թույլ է տալիս պայքարել վարակների դեմ, բայց մյուս կողմից, քրոնիկական դառնալով, հանգեցնում է ֆիբրոզի եւ օրգանի վնասման։ Քրոնիկական բորբոքումը ապահովում են իմունային համակարգի որոշ բջիջներ, այսպես կոչված М2 մակրոֆագերը։ Բայց թե ինչի հաշվին են դրանք նման էֆեկտ առաջացնում՝ մինչեւ վերջ պարզված չէ, ուստի ֆիբրոզի զարգացումը կանգնեցնելը գրեթե անհնար է։

Համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են М2 մակրոֆագերի դերը ֆիբրոզի առաջացման գործում։ Աշխատանքի հեղինակները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ հյուսվածքների (առանց ֆիբրոզի) ճիշտ վերականգնման համար պատասխանատու են ցողունային բջիջները։ Դրանք ճնշում են նորմալ բջիջների հյուսվածքների վերածումը միոֆիբրոբլաստների՝ բջիջների տեսակ, որոնք պատասխանատու են ֆիբրոզի առաջացման եւ զարգացման համար։ Դա նշանակում է, որ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի դեպքում հիվանդությունը չի առաջանում։

Ստուգելու համար, թե ինչպես են ցողունային բջիջների վրա ազդում М2 միկրոֆագերը, հեղինակները երկու օրվա ընթացքում ցողունային բջիջները պահել են այն սպիտակուցների հետ, որոնք ստացվել են մակրոֆագերից։ Փորձը ցույց է տվել, որ այդ միացությունների ավելացումը հանգեցնում է ցողունային բջիջների ծերացման, ինչի հետեւանքով դրանք կորցնում են միոֆիբրոբլաստների գոյացումը ճնշելու հատկությունը եւ այլեւս չեն կարողանում ապահովել նորմալ բջիջների վերականգնումը։

«Փորձերը ցույց են տվել, որ М2 մակրոֆագերը առաջացնում են ցողունային բջիջների ծերացում, ինչի պատճառով դրանք կորցնում են ֆիբրոզի դեմ պայքարելու ունակությունը։ Այս հայտնագործությունը կարելի է օգտագործել ֆիբրոզի կանխման դեղերի ստեղծման ժամանակ։ Օրինակ՝ ստեղծելով միացություններ, որոնք ընտրողաբար կճնշեն М2 մակրոֆագերի ակտիվությունը եւ դրանով իսկ կպահպանեն ցողունային բջիջները դրանց ազդեցությունից»,- նշել է նախագծի մասնակից, համալսարանի ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի ավագ գիտաշխատող  Օլգա Գրիգորեւան։