Մեծ Բրիտանիայում առողջապահության ոլորտի ճգնաժամը հանգեցրել է այն բանին, որ ամեն շաբաթ մահանում է ավելի քան 250 մարդ շտապ բուժօգնության բաժինների հերթերի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է The Times թերթը՝ հղում կատարելով շտապօգնության Թագավորական քոլեջի տվյալներին։

Պարբերականի տվյալներով՝ 2023թ. մոտ 14 հազար մարդ մահացել է այն պատճառով, որ ավելի քան 12 ժամ սպասել է շտապօգնության բաժիններում ընդունվելու համար։ Ընդ որում՝ անցած տարի ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորության մոտ 1,5 մլն բնակիչներ անհապաղ բուժօգնություն ստանալու հերթերում անցկացրել են օրվա ավելի քան կեսը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նշել էր, որ իր կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկն է բժիշկների մոտ ընդունելության հարցի լուծումը։ Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտում տիրող վիճակը շտկելուն խանգարում են բժիշկների գործադուլները։