ԱՄՆ իշխանությունների նախաձեռնությամբ, Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման դեպքերի բացահայտման նպատակով, Լիբերիայի տարածքում 3 շարժական բժշկական լաբորատորիաներ են հիմնվել: Այս մասին տեղեկությունը ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության ղեկավար գեներալ Դեվիդ Ռոդրիգեսն է հաղորդել: 

«Հետազոտական լաբորատորիաներում ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ բարձր որակավորում ունեցող եւ հատուկ կրթություն ստացած անձնակազմն է գործելու: Նրանց օգնությամբ օրը 24 ժամ տեղական հաստատություններից ստացված նմուշների հետազոտության արդյունքների մասին տեղեկանալու հնարավորություն կունենանք», - լրագրողների հետ զրույցի ընթացքում հաղորդել է գեներալ Ռոդրիգեսը: Նրա խոսքով, անհրաժեշտ է առնվազն եւս մեկ նմանատիպ լաբորատորիա հիմնել:

Գեներալի տեղեկացմամբ, ներկայումս Լիբերիայում շուրջ երկու տասնյակ՝ ԱՄՆ-ից ժամանած՝ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտը ներկայացնող փորձագետներ են գտնվում, որոնք «պատշաճ վերապատրաստում» են անցել եւ, Reuters գործակալության մեջբերմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կարող են նույնիսկ «հնարավոր սցենարներից վատթարագույնի» պարագայուն իրականացնել:

Համաձայն վերջին տվյալների, հեմոռագիկ տենդի զոհերի թիվը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում 3431-ի է հասել, վարակվածներինը՝ 7470-ի: