Սեուլի ազգային համալսարանի նեյրոկենսաբանները գտել են սոցիալական տագնապային խանգարում ունեցող մարդկանց ուղեղի բնորոշ փոփոխություններ։ Պարզվել է, որ այդ ախտորոշման դեպքում ուղեղի կեղեւի հաստությունը մի քանի մասերում մեծանում է եւ պակասում այլ գոտիներում։ Հետազոտությունը հրապարակվել է  Psychiatry Research: Neuroimaging (PRN) գիտական ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է սոցիալական տագնապային խանգարում ունեցող 36 պացիենտ Սեուլի ազգային համալսարանի հիվանդանոցի հոգեբուժական ամբուլատորիայից, ինչպես նաեւ 42 առողջ մարդ։

Տոմոգրաֆիայի արդյունքները ցույց են տվել, որ տագնապային խանգարում ունեցող մարդկանց մոտ, որպես կանոն, զգալիորեն մեծացել է կղզյակի, վերին ճակատամասի կեղեւի եւ վերին քունքային գալարի հաստությունը առողջ մասնակիցների համեմատ։

Կղզյակի բաժինը մասնակցում է հույզերի առաջացմանը, մարմնական զգացողություններին եւ վեգետատիվ ֆունկցիաներին, իսկ վերին գագաթամասը դեր է խաղում տարածական կողմնորոշման, ուշադրության եւ սենսորային տեղեկության ինտեգրման հարցերում։ Ճակատային հատվածը կապված է բարդ կոգնիտիվ ֆունկցիաների հետ, ներառյալ որոշումների ընդունումը, խնդիրների լուծումը եւ տեղեկության ինտեգրումը ուղեղի տարբեր հատվածներից։ Իսկ վերին քունքային գալարը մասնակցում է լսողական տեղեկության, խոսքը հասկանալու եւ սոցիալական ճանաչման մշակմանը։

Մյուս կողմից՝ սոցիալական տագնապային խանգարում ունեցող մասնակիցները ունեցել են ավելի փոքր հաստություն ձախ վերին/միջին ճակատային գալարում եւ ձախ իլիկաձեւ գալարում։ Ձախ վերին/միջին ճակատային գալարը մասնակցում է բարձրագույն կոգնիտիվ ֆունկցիաներին, ինչպիսին են որոշումների ընդունումը, ուշադրությունը եւ աշխատանքային հիշողությունը, մինչդեռ ձախ իլիկաձեւ գալարը վճռական դեր է խաղում տեսողական ճանաչման, հատկապես դեմքերի եւ տեքստի ճանաչման հարցերում։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ իրենց հայտնագործությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ կապն ուղեղի կառուցվածքի եւ հոգեկան հիվանդությունների միջեւ։