Օրական տասը հազար քայլ կատարելը կարեւոր գործոն չէ քայլելուց օգուտ ստանալու հարցում։ Պարապմունքների մշտականությունը եւ վարժությունների կատարումը միջին կամ բարձր տեմպով ավելի կարեւոր են։ Այս մասին MedicalXpress պարբերականին պատմել են դոկտոր Տիվալովուվա Աջիբեւան Չիկագոյի Հյուսիսարեւմտտյան համալսարանից եւ դոկտոր Քելի Փետի Գեբրիելը Հանրային առողջապահության բիրմինգհեմյան դպրոցից։

Փորձագետները նշել են, որ քայլելով զբաղվելը օգնում է վերահսկել քաշը եւ իջեցնել սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի հավանականությունը։ Ընդ որում՝ չկա որեւէ սահմանված նորմ քայլերի թվի վերաբերյալ, որոնք պետք է կատարել օրական։ Դոկտոր Գեբրիելի խոսքով՝ 10 հազար քայլի օգտակարության մասին նշվել է մարքետինգային քարոզչության արդյունքում, որն իրականացվել է Տոկիոյում 1964թ. Օլիմպիական խաղերն սկսվելուց առաջ։ Քարոզչության նպատակը քայլաչափերի վաճառքն էր։

Իրականում քայլերի օպտիմալ քանակությունը տատանվում է այնպիսի գործոններից կախված, ինչպիսին են տարիքը եւ նպատակը։ Կարեւոր է մշտապես զբաղվել քայլքով եւ պահել որոշակի տեմպ՝ չափավորից մինչեւ բարձր։

Դոկտոր Աջիբեւան նշել է, որ պարապմունքների մոտիվացիայի վրա ազդում է նաեւ շրջակա տարածքը՝ լավ լուսավորված փողոցները, կանաչ տնկիները, հարմար մայթերը։ Քայլելու համար հարմարավետ շրջանների մարդիկ, որպես կանոն, ֆիզիկապես ավելի ակտիվ են եւ հազվադեպ են տառապում ճարպակալմամբ։ Այդ պատճառով կարեւոր է ընտրել այն տեղանքը, որը հարմար է քայլելու համար։