Սոցիալական ցանցերի օգտատերերը Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված իսպանացի բուժքրոջ՝ Թերեզա Ռոմերո Ռամոսի՝ Էքսկալիբուր անունը կրող շան փրկրությանը միտված քարոզարշավ են մեկնարկել: Երկրի իշխանությունները կենդանուն էվթանազիայի ենթարկելու մտադրություն են հայտնել: Ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացել նաեւ բուժքրոջ խնամքով զբաղվող բուժհաստատության անձնակազմի շրջանում:
The Daily Mail-ի հաղորդմամբ, ընտանի կենդանիների սիրահարները՝ աշխարհի բոլոր անկյուններից, Էբոլայի «շնորհիվ» Իսպանիայում թափ հավաքող սկանդալի պատճառ դարձած շան փրկությունը հետապնդող միջազգային քարոզարշավի շրջանակում, սոցցանցերն իրենց սիրելի կենդանիների լուսանկարներով են հեղեղել: Մասնավորապես, Twitter-ում շների, կատուների եւ թռչունների տասնյակ լուսանկարներ են հայտնվել՝ #SalvemosAExcalibur (փրկենք Էքսկալիբուրին) թեգով:
Ակցիայի նախաձեռնողը բուժքրոջ՝ կարանտինի հանձնված ամուսինը՝ Խավիեր Լիմոն Ռոմերոն է, ով մտահղացումն իրականացնելու համար իսպանական բարեգործական կազմակերպություններից մեկն օգնությունն է խնդրել:
Ներկայումս Էքսկալիբուրի էվթանազիան չեղարկելու պահանջով ավելի քան 135 հազար ինտերնետային ստորագրություն է հավաքվել:






