Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնը կազմակերպում է միջոցառումների շարք՝ հանրությանը հոգեկան խնդիրների եւ հոգեկան առողջության մասին իրազեկելու նպատակով:
Ինչպես լրագրողներին կազմակերպության գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանն է հայտնել, վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 16:30 Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունենալու ակցիա, որի շրջանակներում կամավորները անցորդներին տեղեկատվական նյութեր են բաժանելու, իսկ հետո լինելու է մնջախաղի թատրոնի ներկայացում եւ համերգ:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17:00 Նկարիչների միության շենքի 3-րդ հարկի սրահում տեղի է ունենալու հանդիսավոր ընդունելություն եւ ԻՆԹՐԱ կենտրոնի հոգեսոցիալական վերականգնողական խմբերի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքի ցուցահանդես:
Հոկտեմբերի 10-ին ԻՆԹՐԱ կենտրոնում բաց դռների օր է անցկացվելու, որի ընթացքում նախապես գրանցված հաճախորդները կարող են անվճար հոգեբանական եւ հոգեբուժական խորհրդատվություն ստանալ:
Ինչպես նշել է Մելինե Թովմասյանը, այս տարվա հոկտեմբերի միջոցառումների խորագիրն է «Մտածենք հոգեկան առողջության, խոսենք հոգեկան խնդիրների մասին եւ գտնենք լուծումներ», իսկ նպատակները մի քանիսն են.
- Մելինե Թովմասյանի խոսքով, շատերն այսօր բավական ուշադիր են դարձել իրենց ֆիզիկական առողջության հանդեպ եւ ժամանակ առ ժամանակ պրոֆիլակտիկ ստուգումների են գնում, սակայն իրենց հոգեկան վիճակը եւ հոգեկան առողջությունը անտեսում են: Միջոցառումները կարող են մարդկանց ուշադրությունն ուղղել դեպի նրանց հոգեբանական եւ հոգեկան խնդիրները, քանի որ հոգեկան առողջությունը մարդու համար նույնքան կարեւոր է, որքան ֆիզիկականը:
- Հայաստանում, Մելինե Թովմասյանի խոսքով, հոգեկան եւ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ «խայտառակ ստիգմա, խարան գոյություն ունի», իսկ մարդիկ իրենց չիմացության կամ կանխակալ վերաբերմունքի պատճառով խուսափում են ստանալ այն աջակցությունը, որը կարող է օգնել նրանց լուծել իրենց խնդիրները եւ չխորացնել դրանք: Միջոցառումները եւ գրագետ տեղեկատվությունը կօգնեն հասկանալ, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ նույնպես հասարակության անդամն են եւ կարող են նորմալ, լիարժեք կյանքով ապրել:






