Ինչո՞ւ է ասթման այդպիսի մեծ վնաս պատճառում օրգանիզմին։ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հավաստիացնում են, որ գտել են պատճառը. ասթմայի նոպայի ժամանակ շնչուղիների բջիջները խիստ սեղմվում են եւ մահանում։ Ուստի դեղերի փոխարեն, որոնք պայքարում են նոպայի հետեւանքների դեմ, երբ վնասն արդեն պատճառվել է, նրանք առաջարկում են կիրառել այնպիսիները, որոնք կկարողանան կանխել բջիջների սեղմումը, գրել է BBC-ն։

Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Ջոդի Ռոզենբլաթի խոսքով՝ բրոնխոսպազմները վնասում են շնչուղիների հյուսվածքը, ինչը հանգեցնում է երկարաժամկետ բորբոքման, հյուսվածքի սպիացման եւ ուղեկցող վարակների, որոնք, իրենց հերթին, նոր նոպաներ են առաջացնում։

Առաջ այս վնասվածքներին հատուկ նշանակություն չէին տալիս, քանի որ ամբողջ ուշադրությունը սեւեռվում էր հենց նոպաների եւ դրանց անմիջական հետեւանքների վրա։

«Էպիթելը օրգանիզմի պաշտպանության առաջին գիծն է վարակներից, եւ հենց նա է վնասվում ասթմայի նոպաների ժամանակ,- նշել է պրոֆեսոր Ռոզենբլաթը։- Հյուսվածքին մշտապես վնաս է պատճառվում, եւ առաջանում է արատավոր շրջան։ Եվ եթե մենք կարողանանք կանխել այդ վնասը, գուցե կարողանանք կանխել նաեւ նոպաները»։

Հնարավոր կանխիչ միջոցներից մեկը կարող է դառնալ հազվագյուտ հողերի գադոլինիում մետաղը, որն օգնում է կանխել ասթմայի նոպան մկների վրա կատարված փորձերում։

Սակայն գիտնականները խոստովանում են. որ համոզվելու համար, որ այն անվտանգ է եւ արդյունավետ մարդկանց համար, երկարամյա հետազոտություններ են հարկավոր։