Ֆրանսիան մտադիր է 5 եվրո տուգանք մտցնել այն մարդկանց համար, որոնք ամեն տարի բաց են թողնում բժիշկների միլիոնավոր ընդունելություններ, հայտնել է երկրի վարչապետ Գաբրիել Ատալը, գրել է AFP-ն։

Տուգանքը մի քանի միջոցներից մեկն է, որոնք հայտարարել է Ատալը առողջապահության համակարգի ամրապնդման համար, որն ամեն ինչ անում է, որպեսզի համապատասխանի ծերացող եւ ավելացող բնակչության աճող պահանջներին։

«Մենք չենք կարող թույլ տալ դա»,- ասել է Ատալը 27 մլն խորհրդատվությունների մասին, որոնք, բժիշկների գլխավոր արհմիության համաձայն, ամեն տարի իզուր են անցնում, քանի որ պացիենտները չեն ներկայանում։

Վարչապետի խոսքով՝ այս միջոցը կարող է 15-20 մլն ընդունելություններ «ազատել» այլ պացիենտների համար։

Նա ասել է, որ «պատասխանատվության մեխանիզմ» նախատեսող օրենք կներկայացվի խորհրդարան, եւ որ կառավարությունը ցանկանում է, որպեսզի տուգանքներն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից։

Ներկայացված նախագծի համաձայն՝ տուգանքը պետք է վճարի ցանկացած մարդ, որը չի ներկայանա ընդունելությանը կամ տեղյակ կպահի չներկայանալու մասին 24 ժամվա ընթացքում։

Բացի այդ,  բժիշկները կորոշեն, թե եղել է արդյոք ընդունելությունը բաց թողնելու պատճառը բավական հարգելի՝ խուսափելու համար ֆինանսական տուգանքից։