Հոգեկան հիվանդություններով տառապող որոշ մարդիկ ստացիոնար բուժման կարիք ունեն, սակայն շատերը կարող են բուժվել նաեւ տան պայմաններում: Բայց խնդիրն այն է, որ ստացիոնար հիվանդանոցները Հայաստանում բավական շատ են, իսկ գրագետ ամբուլատոր ծառայություններ մատուցող կենտրոնները՝ ոչ: Այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է հոգեբույժ Մարուքե Եղիյանը:
Նրա խոսքով՝ շատ դեպքերում ամբուլատոր բուժումն ավելի նախընտրելի է, քան ստացիոնարը: Հոգեկան հիվանդությամբ տառապող ցանկացած մարդու մեջ, հոգեբույժի խոսքով, կա թե հիվանդ, թե առողջ «մասնիկ», եւ եթե հիվանդը երկար ամիսներ հոգեբուժարանում է անցկացնում, դա չի նպաստում նրա՝ «առողջ մասնիկի» ամրապնդմանը, մինչդեռ տնային պայմաններում բուժման ժամանակ ավելի մեծ ուշադրություն է դարձվում հենց «առողջ մասնիկին», ինչը նպաստում է հիվանդի՝ ավելի արագ ապաքինմանը:
Երեւանում, Մարուքե Եղիյանի խոսքով, կա հինգ ստացիոնար կլինիկա, եւ դրանցում հաճախ բուժվում են այնպիսի հիվանդներ, որոնք իրականում ստացիոնարում գտնվելու կարիք չունեն: Մասնագետրի կարծիքով՝ շատ ավելի ճիշտ կլինի երկրում ամբուլատոր ծառայությունները զարգացնել, իսկ հիվանդին եւ նրա ընտանիքի անդամներին ավելի լավ իրազեկել, որպեսզի նրանք հստակ պատկերացնեն, թե ինչ է իրենից ներկայացնում հիվանդությունը եւ որ դեպքում ինչ է պետք անել: Եթե հիվանդը չգիտի իր ախտորոշումը, լավ չի պատկերացնում, թե ինչի հետ գործ ունի, դա շատ սխալ է, համոզված է հոգեբույժը:
Իր հերթին հոգեբան Խաչատուր Գասպարյանը լրագրողներին ասել է, որ այսօր Հայաստանում ցանկացած մարդ կարող է հոգեբանական աջակցության կենտրոն բացել, եւ դա բավական վատ է: Լավ կլիներ, եթե այս ոլորտը ավելի լավ վերահսկվեր եւ հոգեբանական կենտրոնների եւ հոգեբանների լիցենզավորում գործեր:
Նա ավելացրել է, որ հոգեբանական օգնության ոլորտում օրենսդրական դաշտում բավական բարդ իրավիճակ է: Նրա կարծիքով՝ պետք է մշակել հոգեբանական առողջության օրենք, որը կլինի ավելի լայն, քան գործող հոգեբուժական օգնության մասին օրենքը, եւ կօգնի կանխարգելել հոգեկան հիվանդությունները եւ չհասցնել դրանք այնպիսի վիճակի, որ ստացիոնար բուժման կարիք լինի: Ցանկալի է նաեւ ոլորտին հատկացվող բյուջեից գումար ուղղել արտահիվանդանոցային ծառայությունների զարգացման համար:






