Դալասի հիվանդանոցներից մեկում կյանքի համար կենաց եւ մահու պայքար մղող՝ Էբոլայով վարակված հիվանդին արհեստական շնչառության եւ դիալիզի սարքեր են միացվել: Բուժհաստատության ներկայացուցիչների հաղորդմամբ, Թոմաս Էրիկ Դունկանը, ով ԱՄՆ տարածքում մահացու վտանգավոր հեմոռագիկ տենդով ախտորոշված առաջին հիվանդն է, միաժամանակ նաեւ բրինցիդոֆովիր անունը ստացած փորձարակական դեղամիջոցի օգնությամբ բուժում է ստանում: Նույն դեղամիջոցը, Reuters գործակալության հավաստիացմամբ, նաեւ երկու օր առաջ բուժման նպատակով Լիբերիայից հայրենիք տեղափոխված լրագրողին է նշանակվել:

Տեխաս նահանգում գործող Երիցական հիվանդանոցի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նախընթաց շաբաթվա վերջին օրերին Դունկանի լյարդի գործառնականության կորուստ է արձանագրվել: Ու թեեւ վերջին օրերին օրգանի աշխատանքի բարելավման որոշակի նշաններ կան, բժիշկները զգուշացնում են, որ առաջիկայում եւս կարող են նմանատիպ տատանումներ լինել: Մինչ այդ, ընտանիքի անդամների վկայությամբ, հիվանդը ցավազրկողներ է ստանում, ջերմություն չունի, իսկ փորլուծությունն էլ համեմատաբար տանելի է դարձել:

Դունկանի ախտորոշման պահից ի վեր ԱՄՆ բնակիչների շրջանում մտահոգությունների նոր ալիք է բարձրացել առ այն, որ Էբոլայի վատթարագույն՝ Գվինեայում, Սիերա-Լեոնեում եւ Լիբերիայում մոլեգնող համաճարակը կարող է նաեւ Միացյալ Նահանգների տարածք հասնել:

Սեպտեմբերի վերջին օրերին Լիբերիայից Տեխաս վերադարձած Դունկանը հոկտեմբերի 4-ից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: