Հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց պիտակավորումը եւ նրանց հանդեպ վատ վերաբերմունքը կարող է հասարակության մեջ մի շարք խնդիրներ առաջացնել: Այն մասին, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում խարանը եւ վատ վերաբերմունքը հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց հանդեպ, լրագրողներին պատմել է հոգեբույժ Մարուքե Եղիյանը:

  • Մարդիկ զրկվում են բուժում ստանալու հնարավորությունից: Շատերը վախենում են, որ նրանց «հոգեկան հիվանդ» կկոչեն, եւ չեն դիմում հոգեկան առողջության կենտրոններ՝ բուժում եւ օգնություն ստանալու համար:
  • Եթե հոգեկան խնդիր ունեցող մարդը ժամանակին չի բուժվում, նրա հիվանդությունը կարող է խորանալ, եւ հետագայում նրան բուժել շատ ավելի դժվար կլինի: Հարկ է նշել նաեւ, որ նման հիվանդների մեծ թիվը նկատելի բեռ է ողջ հասարակության համար:
  • Մարդիկ վախենում են դեղամիջոցներ ընդունելուց, քանի որ հոգեմետ դեղերը նրանց մոտ ինչ-որ բացասական, վտանգավոր բանի հետ են ասոցացվում: Շատերը կարծում են, որ հոգեմետ դեղերը թմրամիջոցների նման մի բան են, եւ չեն գիտակցում, որ այդ դեղերը, եթե դրանք բժիշկն է նշանակել, պետք են նրանց բուժման համար:
  • Շատերը չեն գիտակցում, որ հոգեկան հիվանդությունը նույնպիսի հիվանդություն է, ինչպիսին ֆիզիկականը: Եւ այն նույնպես բուժման կարիք ունի:

Ավելացնենք նաեւ, որ, ինչպես մասնագետներն են նշում, ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խնդիրներից, այնպես որ նման խնդիրներ ունեցող մարդու հանդեպ բացասաբար տրամադրված մարդը մի օր կարող է նույն վերաբերմունքին արժանանալ: