Ավտսրալիայի Քուինսլենդ նահանգում աճող՝ խիլանդիա անվամբ հայտնի հատապտղի հանուկը մաշկի քաղցկեղային ուռուցքների աճը մեկուկես շաբաթվա ընթացքում դադարեցնելու ներուժ ունի: Այս մասին PLoS One ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքներն են վկայում:
BBC-ի հաղորդմամբ, EBC-46 աշխատանքային անվանումը ստացած դեղամիջոցը ախտահարված բջիջների ուղղությամբ արյան հոսքը դադարեցնելու հատկություն ունի, ինչի հետեւանքով 10 օրվա ընթացքում մաշկի ուռուցքը նախ մանուշակագույն երանգ է ստանում, որոշ ժամանակ անց՝ սւեանում, իսկ այնուհետեւ էլ՝ պոկվում, հավաստիացնում է գիտահետազոտական խմբի ղեկավար դոկտոր Գլեն Բոյլը:
Փորձարարական դեղամիջոցի արդյունավետությունն ավելի քան 300 ձիերի, կատուների եւ շների նկատմամբ է ստուգվել: Այդուհանդերձ, առայժմ EBC-46-ի ազդեցությամբ ներքին օրգաններում տարածում գտած մետաստազներից ազատվելու հնարավորության մասին վկայող որեւէ ապացույց չի հայտնաբերվել:
Դոկտոր Բոյլը համոզված չէ, որ կլինիկական փորձարկումների փուլը հաջողությամբ անցնելու պարագայում դեղամիջոցը մաշկի քաղցկեղով ախտորոշված հիվանդների համար կարող է քիմիաթերապիայի լիարժեք այլընտրանքը դառնալ, բայց եւ հույս է հայտնում, որ խիլանդիայի հանուկը առանձին դեպքերում եւ, մասնավորապես, տարեց մարդկանց համար բուժման արդյունավետ միջոց կդառնա:






