Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված իսպանացի բուժքրոջ՝ Թերեզա Ռոմերո Ռամոսի շան պաշտպանությանը միտված ինտերնետ-քարոզարշավն անարդյունք է անցել. Մադրիդի առողջապահական ծառայության ղեկավար Խավիեր Ռոդրիգեսի հաղորդմամբ, անասնաբույժներն ի վերջո էվթանազիայի են ենթարկվել կենդանուն: Պաշտոնյայի մեկնաբանմամբ, Էքսկալիբուր անունը կրող շունը կարող էր վարակված լինել տիրուհուց, ուստի եւ էվթանազիան իրավիճակից ելք առաջարկող որեւէ այլընտրանք չուներ:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Partido Animalista կազմակերպության ներկայացուցիչները եւս հաստատել են Էքսկալիբուրի՝ էվթանազիայի ենթարկվելու մասին տեղեկությունը: FoxNews-ի վկայակոչմամբ, ակտիվիստները կազմակերպության Twitter-ի էջին նաեւ այն դիահերձարանի լուսանկարն են տեղադրել, որտեղ կենդանու դին այրվել է:
Հիշեցնենք, որ Թերեզա Ռոմերո Ռամոսը բուժման նպատակով Աֆրիկայից Մադրիդի հիվանդանոցներից մեկը տեղափոխված միսիոներների հետ շփման արդյունքում է մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվել եւ հոսպիտալացվել: Որոշ ժամանակ անց էլ նրա ամուսինն է կարանտինի հանձնվել: Բացի այդ, հիվանդության տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով, քաղաքային իշխանությունները բուժքրոջ շանը էվթանազիայի ենթարկելու մասին որոշում էին կայացրել:
Պաշտոնյաների նախաձեռնության մասին լուրը վրդովմունք էր առաջացրել՝ երկրի բազմաթիվ բնակիչների շրջանում: Համացանցում մի շարք օնլայն ակցիաների էին կազմակերպվել՝ ի նշան իշխանությունների՝ կենդանուն էվթանազիայի ենթարկելու որոշման դեմ բողոքի:






