Վերջին 10 տարիներին Հայաստանում ալերգիկ հիվանդություններով ախտորոշման դեպքերի թվի կտրուկ աճ է գրանցվել: Եթե խանգարման մասին վկայող առաջին ախտանշանները՝ փռշտոց, արտասվաթորություն, ցան եւ քոր եք նկատում, հարկավոր է անհապաղ բժշկ-ալերգոլոգի օգնությանը դիմել: Այսպիսի կոչով, մամուլի ասուլիսի շրջանակում, առաջին համալսարանական կլինիկական հիվանդանոցի ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նարինե Պանդիկյանն է հանդես եկել: 

«Հաճախ մեզ մոտ այնպիսի հիվանդներ են գալիս, որոնք նախօրոք այլ մասնագետների մոտ են եղել՝ այն պատճառաբանմամբ, թե առաջին օգնության կարիք են ունեցել: Եթե ալերգիային հատուկ ախտանշանները երկու, երեք, չորս օր են ձգվում, առաջին օգնության մասին պատճառաբանությունն այլեւս համոզիչ չի հնչում: Դա արդեն այլ անվանում ունի՝ ոչ լիարժեք բուժում: Իսկ առաջին օգնության մասին առաջին ժամերին կամ առաջին օրը կարելի է խոսել», - նշել է ալերգոլոգը: 

Նարինե Պանդիկյանի խոսքով, առավել հաճախ, երբ հիվանդի մոտ ինչ-որ տեղ քոր է սկսվում, հորմոնային թերապիա է նշանակվում: Իսկ երբ չափաբաժինը ճիշտ չէ՝ հորմոնները շատ են նշանակվում, իսկ հետո էլ հիվանդը բժիշկ ալերգոլոգին է դիմում՝ օգնության համար, վերջինս, ավաղ, չի կարող հրաշքներ գործել: «Եթե նման իրավիճակը մեկ շաբաթից ավել է տեւում, հարկավոր է հիվանդին ելակետային վիճակի բերել եւ այնուհետեւ ճիշտ թերապիա սկսել, ինչը բուժման գործընթացի խիստ բարդեցման է հանգեցնում», - մեկնաբանել է մասնագետը:

Ի պատասխան հարցի, թե ալերգիայի որ տեսակներն են տվյալ պահին առավել տարածված, բժիշկը նշել է, որ թեմայի շուրջ վիճակագրություն չի տարվում: «Նույն հիվանդի մոտ կարող են միաժամանակ եւ դեղամիջոցների, եւ սննդամթերքի, եւ բնական երեւույթների նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ դրսեւորվել: Անվանումը մեկն է՝ ալերգիա, իսկ պատճառները կարող են տարբեր լինել», - մեկնաբանել է Նարինե Պանդիկյանը՝ հավելելով, որ ալերգիան վարակիչ չէ, իսկ հիվանդության ռիսկի գործոնների թվում նաեւ գենետիկ նախահակումը կա: