ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ընդունեց   «Սանոֆի-Ավենտիս գրուպ» հանրահայտ դեղագործական ընկերության եվրասիական տարածաշրջանի տնօրեն Յուրի Օրլովին եւ «Սանոֆի-Ավենտիս գրուպի» տարածաշրջանային տնօրեն Վասիլի Ստեփանյանին: Եվրոպայում եւ աշխարհում դեղագործական արդյունաբերության ոլորտում խոշորագույն այս ընկերության անվտանգության գծով ներկայացուցիչը Հայաստան է ժամանել   ծանոթանալու տվյալ ոլորտում մեր երկրի ունեցած ներուժին եւ համագործակցության հնարավորություններին:

Ոջունելով հյուրերին` նախարարը նշեց,  որ Հայաստանի հանդեպ նման խոշոր ընկերության հետաքրքրությունը դեղագործության ոլորտում երկկողմ համագործակցության սերտացման հնարավորություն կստեղծի:

«Դեղերի որակի, անվտանգության եւ արդյունավետության ապահովումը մեզ համար առաջնահերթ նպատակ է։ Մեր երկիրը կեղծ դեղերի դեմ պայքարի մեթոդներ  է մշակում»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Յուրի Օրլովը նշեց, որ իրենց ընկերությունը եւս մեծ ուշադրություն է դարձնում կեղծ դեղերի դեմ պայքարին:

«Մեր հիմնական նպատակն է վերահսկել, որպեսզի դեղի` արտադրությունից մինչեւ դեղատուն շղթան լինի վերահսկելի»,-ընդգծեց եվրասիական տարածաշրջանի տնօրենը: Նրա գնահատմամբ` ողջունելի է Հայաստանի հաստատակամ որոշումը, քաղաքական կամքը դրոշմապիտակավորման ճանապարհով դեղերի անվտանգությունն ապահովելու գործում:

Արմեն Մուրադյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ եւ մատչելի դեղերով ապահովելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարարությունը օգոստոսի սկզբից  համատեղ երկկողմ բաց հուշագիր է ստորագրել դեղագործական գործունեություն իրականացնող  մի քանի տասնյակ կազմակերպություններիհետ:

«Սանոֆիի» ներկայացուցիչները պատրաստակամություն  հայտնեց միանալ հուշագրի ստորագրմանը:

Անդրադառնալով  դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման գործընթացին («Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 1-ից) նա կարծիք հայտնեց, որ դրոշմապիտակավորումը կեղծ դեղերի դեմ պայքարի արդյունավետ միջոց է:

Յուրի Օրլովն ընդգծեց, որ կեղծ դեղերի դեմ պայքարում Հայաստանն առաջադեմ երկրներից մեկն է եւ իր հնարավորությունների սահմանում բավականաչափ միջոցառումներ է իրականացնում այս ուղղությամբ։ Նշեց, որ դեղի շրջանառության ոլորտում նկատելի հաջողություններն արդյունք են նաեւ պատասխանատու կառույցի` ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական փորձագիտական կենտրոնի արդյունավետ աշխատանքի։

«Ես բարձ եմ գնահատում Հայաստանի կողմից դրոշմապիտակավորման իրականացումը, որովհետեւ այն միտված է դեղերի որակի եւ անվտանգության վերահսկմանը»,-ասաց դեղերի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան:

ՀՀ առողջապահության նախարարը շեշտեց, որ պարտադիր դրոշմապիտակավորումը կնպաստի դեղերի որակի եւ անվտանգության  ապահովմանը` չվնասելով սպառողի գրպանին:

Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին հետագա համագործակցության մի շարք  պայմանավորվածություններ:  Մասնավորապես որոշվեց 2015 թ. մայիսին  Հայաստանում  դեղագործության ոլորտի արդիական հարցերին նվիրված համատեղ համաժողով անցկացնել:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։