2014թ.-ին հոգեկան առողջության միջազգային օրը «Ապրել շիզոֆրենիայով» նշանաբանն է ձեռք բերել: Իսկ ի՞նչ է իրենից այդ հիվանդությունը ներկայացնում: Ինչպե՞ս է դրսեւորվում: Արդյոք ենթակա՞ է բուժման: NEWS.am Medicine-ը կփորձի բոլոր հարցերի պատասխանը գտնել:

Ահա թե ինչպես է շիզոֆրենիայի էությունը հոգեբույժ Մարուքե Եղիյանը բացատրում.

“Շիզոֆրենիան մարդու հոգեկան գործառույթների՝ մտածողության, էմոցիայի, հիշողության պառակտումն է: Առողջ մարդու մոտ դրանք, որպես հոգեկան առողջության նախապայման, լիարժեք ներդաշնակությամբ են բնորոշվում, իսկ շիզոֆրենիայի պարագայում այդ ներդաշնակությունը խախտվում է:

Եվ այսպես, ի՞նչ է շիզոֆրենիան

ԻՆՏՐԱ կլինիկայի մեկնաբանմամբ, շիզոֆրենիան մտածողության եւ զգացական արձագանքման գործընթացների պառակտման, քայքայման հետ կապված հոգեկան խանգարում է: Շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ մտածողության եւ ընկալման խանգարումներ, ձայնային հալյուցինացիաներ, պարանոիդ զառանցանք կամ խոսքի եւ աշխատունակության խանգարում է նկատվում:

Շիզոֆրենիան, որպես կանոն, երիտատասարդ տարիքում է ի հայտ գալիս (17-25 տարեկան), սակայն որոշ դեպքերում կարող է թե երեխաների, եւ թե տարեց մարդկանց մոտ նկատվել: Հիվանդության առաջացման ռիսկի գործոնները բազմաթիվ են, սակայն դրանց շարքում առավել մեծ դերակատարում ժառանգականությունն ու շրջակա միջավայրի ազդեցությունն ունեն (հոգեկան տրավմաներ, հիվանդություններ, ուղեղի վնասվածք եւ այլն):

Շիզոֆրենիայի ախտանշանները

• Տրամադրության անկում

• Ակտիվության անկում

• Էմոցիաների ոչ համարժեք դրսեւորում

• Էմոցիաների, մտքերի եւ կամքի աններդաշնակություն

• Ապատիա

• Շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության բացակայություն

• Իմպուլսիվ, ոչնչով չպայմանավորված արարքներ

• Տեսողական, ձայնային եւ այլ բնույթի հալյուցինացիաներ

• Հետապնդման մոլուցք, թունավորվելու վախ, խանդի չհիմնավորված զգացում

Իսկ հնարավո՞ր է բուժել

Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ «շիզոֆրենիա» ախտորոշումը մարդուն բոլորովին էլ չի զրկում նորմալ, լիարժեքն կյանք վարելու հնարավորությունից: Ճիշտ մոտեցում դրսեւորելու պարագայում հիվանդությունը կարելի է վերահսկողության տակ պահել եւ առողջ մարդու նման ապրել: 

Հոգեբան Խաչատուր Գասպարյանի խոսքով, շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ 50 տոկոսը միանգամայն արդյունավետ բուժում են ստանում եւ 25-30 տոկոս դեպքերում՝ լիովին ապաքինվում:

ԻՆՏՐԱ կլինիկայի կողմից ներկայացված տվյալների համաձայն, 10 տարի շարունակ հակապսիխոտիկ դեղամիջոցներ ընդունելուց հետո շիզոֆրենիայով հիվանդների 25 տոկոսը գործանականում ապաքինված կարող են համարվել: Հաջորդ 25 տոկոսի մոտ ինքնազգացողության հսկայական բարելավում է նկատվում, իսկ երրորդ 25 տոկոսը ներկայացնող հիվանդիների պարագայում՝ հիվանդության նշանակալի թուլացում: Շիզոֆրենիան դեղորայքային մեթոդներով է բուժվում՝ հոգեբանական եւ հոգեբուժական մոտեցումների հետ համադրությամբ: