Բիդգոշչի զինվորական կլինիկական հոսպիտալի լեհ ուռուցքաբան-գինեկոլոգներ Պյոտր Դոմարացկին և Պյոտր Բեռնարդը այցելել են Հայաստան՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայությունում ձեռք բերված փորձը յուրացնելու նպատակով։ Լեհ բժիշկներին հետաքրքրում էր ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի՝ մի շարք օնկոգինեկոլոգիական վիրահատությունների տեխնիկան։

photo_2024-05-10_18-45-32.jpg (197 KB)

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Պյոտր Դոմարացկին ասաց, որ ինքը և իր գործընկերը շատ են լսել Արտեմ Ստեփանյանի մասին իրենց ղեկավար, Բիդգոշչի հիվանդանոցի գինեկոլոգիական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Մարեկ Շիմանսկիից։ Նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու Արտեմ Ստեփանյանին ESGO-ի վերջին համագումարում, որը տեղի ունեցավ 2023 թվականի աշնանը Ստամբուլում։ Հենց այնտեղ էլ Արտեմ Ստեփանյանը նրանց կանչել է Երեւան՝ ցուցադրելու վիրահատություններ կատարելու իր տեխնիկան։

photo_2024-05-10_18-45-50.jpg (209 KB)

«Արտեմ Ստեփանյանը հայտնի է իր վիրահատություններով, օրինակ՝ ձվարանների զարգացող քաղցկեղի վիրահատական բուժումով»,- նշեց Պյոտր Դոմարացկին։

Ինչպես նշեցին լեհ բժիշկները, «Նաիրի» բժշկական կենտրոնը ժամանակակից, գեղեցիկ հիվանդանոց է, բայց գլխավորը մարդիկ են, որոնք այստեղ, ըստ նրանց, շատ հոգատար և բարեհամբույր են։ Շատ կարևոր է, որ սա բազմամասնագիտական կենտրոն է, և բացի վիրաբուժական ծառայություններից գործում է նաև քիմիաթերապիայի բաժանմունք, և օնկոլոգիական խնդիրներ ունեցող բուժառուները կարող են դեղորայքային բուժում ստանալ վիրահատությունից առաջ կամ հետո:

photo_2024-05-10_18-45-16.jpg (169 KB)

Հիշեցնենք, որ «Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը ստեղծվել է 10 տարի առաջ, Հայաստանի համար խորհրդանշական սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը։ Ծառայությունն աշխատանքը զարգացրել է այն ըմբռնմամբ, որ քաղցկեղի բուժումը պահանջում է բազմամասնագիտական մոտեցում, երբ տարբեր մասնագիտությունների բժիշկները միասին աշխատում են հիվանդի համար լավագույն բուժումն ընտրելու համար:

Նման մոտեցման շնորհիվ  «Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը միակն է Հայաստանում, որն ունի ESGO–ի՝ Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական ընկերության վկայական, իսկ Արտեմ Ստեփանյանը կազմակերպության Խորհրդի անդամներից մեկն է։ Ավելին, թիմն ակտիվորեն համագործակցում է ESGO-ի հետ` բժշկական ուղեցույցների եւ օնկոգինեկոլոգիայի դասագրքերի ստեղծման հարցում։