Էբոլա տենդը տարածման ծավալներով համարժեք է միայն ՁԻԱՀ-ին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Թոմաս Ֆրիդենը:
«Ես կասեի, որ այն 30 տարիների ընթացքում, որոնք ես նվիրել եմ հասարակական առողջապահության ոլորտում աշխատանքին, ես ընդամենը մեկ նման երեւույթ եմ տեսել. ՁԻԱՀ»,- Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Վաշինգտոնում կայացած ամենամյա հանդիպման ժամանակ ասել է նա:
NBC News-ի հաղորդմամբ՝ Ֆրիդենի հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Դալլասի հիվանդանոցում մահացել է ԱՄՆ տարածքում ախտորոշված առաջին հիվանդը՝ Թոմաս Էրիկ Դունկանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 3879-ի, վարակվել է 8033 մարդ:
ՁԻԱՀ-ը, որը նույնպես ծնվել է Աֆրիկայում, 1980 թվականից մինչ օրս 36 մլն մարդու կյանք է խլել, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 35 մլն է: ՄԻԱՎ-ը, ինչպես եւ Էբոլան, փոխանցվում է մարմնի հեղուկների միջոցով:






