Սրտի անբավարարությամբ հիվանդները, որոնք պատվաստվել են COVID-19-ի դեմ, 82%-ով ավելի երկար ապրելու հավանականություն ունեն, քան չպատվաստվածները, ասվում է Սրտաբանների եվրոպական ընկերության (ESC) «Սրտի անբավարարություն 2024» գիտական ​​համաժողովում ներկայացված ուսումնասիրության մեջ:

Նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողները օգտագործել են Կորեայի առողջության ապահովագրության ազգային ծառայության տվյալների բազան: Մասնակիցները, որոնք COVID-19 պատվաստանյութի երկու կամ ավելի չափաբաժին են ստացել, որակվել են «պատվաստված», իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվել կամ ստացել են միայն մեկ չափաբաժին, որակվել են «չպատվաստված»:

Հետազոտությանը մասնակցել է 18 և ավելի բարձր տարիքի սրտի անբավարարություն ունեցող 651 127 հիվանդ: Հիվանդների միջին տարիքը կազմել է 69,5 տարեկան, նրանց 50%-ը կանայք են եղել։ Ուսումնասիրության ընդհանուր մասնակիցներից 538434-ը (83%) ճանաչվել են պատվաստված, իսկ 112693-ը (17%)՝ չպատվաստված:

Հետազոտության միջին ժամկետը կազմել է վեց ամիս։ Համաձայն հետազոտության արդյունքների, պատվաստման դեպքում հայտնաբերվել է բոլոր պատճառներով մահացության հավանականությունը 82%-ով, սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացումը 47%-ով և COVID-19-ով վարակվելու վտանգը 13%-ով նվազեցում։

Ինչ վերաբերում է սրտանոթային բարդություններին, ապա պատվաստումը կապված է եղել ինսուլտի, սրտի նոպայի, միոկարդիտ/պերիկարդիտի և երակային թրոմբոէմբոլիայի զգալիորեն ցածր հավանականության հետ՝ պատվաստման բացակայության համեմատ։