Չինացի և եվրոպացի բժիշկները պարզել են, որ կեսարյան հատումով ծնված երեխաների՝ կարմրուկի դեմ առաջնային պատվաստման արդյունավետությունը կրճատվում է 2,56 անգամ։ Դրա մասին հայտնել է Քեմբրիջի համալսարանի մամուլի ծառայությունը։

«Մեծ թվով երեխաներ կարմրուկի դեմ երկրորդ պատվաստանյութը չեն ստանում, ինչը վտանգավոր է թե՛ իրենց, և թե՛ ամբողջ բնակչության համար։ Ըստ մեր դիտարկումների՝  կարմրուկի դեմ երեխաների կրկնակի պատվաստումն առանձնապես կարևոր է կեսարյան հատումով ծնվածների համար, քանի որ նրանց շրջանում առաջին պատվաստման անարդյուանվետության հավանականությունը խիստ մեծ է», - հայտնել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Սալյեն։

Բժիշկները նման եզրակացության են հանգել՝ կյանքի առաջին 12 տարիների ընթացքում 1,5 հազար նորածին չինացի երեխաների առողջության դիտարկումների շրջանակում։

Այս 12 տարիների ընթացքում գիտնականները համակողմանիորեն ուսումնասիրել են երիտասարդ հիվանդների օրգանիզմի, ներառյալ՝ իմունային համակարգի աշխատանքի և դրա արտադրած հակամարմինների քանակի փոփոխությունները:

Հետազոտողներն օգտագործել են այս տվյալները՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես են կեսարյան հատումները անդրադառնում մանկական կարմրուկի դեմ պատվաստումների արդյունավետությանը: Գիտնականների հետաքրքրությունն այդ պատվաստանյութի նկատմամբ պայմանավորված էր նրանով, որ վերջին 10 տարիների ընթացքում կարմրուկով վարակման դեպքերը, ինչպես նաև այս վիրուսային վարակի բռնկումները զգալիորեն աճել են Չինաստանում, ընդ որում նման դեպքերի զգալի մասը տեղի է ունեցել կարմրուկի դեմ պատվաստված երեխաների շրջանում:

Այս գաղափարով առաջնորդվելով՝ հետազոտողները չափել են հակամարմինների խտության աստիճանը երեխաների օրգանիզմում կյանքի առաջին տարիներին, միաժամանակ նմանատիպ տեղեկություններ են ստացել նրանց մայրերի վերաբերյալ, քանի որ նրանց հակամարմինները առկա են երեխաների օրգանիզմում կյանքի առաջին ամիսներին։

Այս չափումների հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի, ինչպես նաև դրա հետագա ներարկումների արդյունավետությունը սաստիկ կախված է եղել նրանից, թե ինչպես են այդ երեխաները ծնվել:

Գիտնականները պարզել են, որ պատվաստանյութի առաջին չափաբաժինը կեսարյան հատումով ծնված երեխաների 12%-ի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել, մինչդեռ դա հատկանշական եղել է բնական ճանապարհով ծնված մանուկ չինացիների միայն 5%-ի համար։

Այս տարբերություններն ավելի նվազ ցայտուն դարձան կրկնակի պատվաստումից հետո, սակայն շատ երեխաներ երկրորդ չափաբաժինը չստացան: Արդյունքում Չինաստանում երեխաների մոտ 1%-ը կարմրուկի վարակի նկատմամբ խոցելի է դառնում, մի բան որ, ըստ հետազոտողների, անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստումների ռազմավարություն մշակելիս։

Ծննդաբերությունը մեծ թվով կանանց համար՝ նրանց կազմախոսության առանձնահատկություններով պայմանավորված վտանգավոր ընթացակարգ է: Դա է պատճառը, որ բժիշկները երկար տասնամյակներ շարունակ ապագա մոր և նրա երեխայի առողջությունն ու կյանքը պաշտպանելու համար ապավինում են կեսարյան հատմանը:

Վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ կեսարյան հատումը բացասաբար է անդրադառնում երեխաների միկրոֆլորայի և նրանց իմունիտետի վրա, ինչը մեծացնում է ճարպակալման և մարսողական համակարգի խախտումների հավանականությունը։