Գերմշակված սնունդը (չիփսեր, գազավորված ըմպելիքներ, ֆասթֆուդ, շոկոլադ) կարող է վտանգի ենթարկել երեխաների հոգեկան առողջությունը՝ բարձրացնելով ճարպակալման, դեպրեսիայի եւ տագնապի հավանականությունը։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի բժիշկ եւ առողջ սննդի գծով մասնագետ Մայքլ Մոսլին։

Գերմշակված մթերքները այն սննդամթերքներն են, որոնք արտադրվում են ֆաբրիկաներում կամ ֆասթֆուդ-հաստատություններում խառնուրդներից հնարավորինս մաքրված բաղադրիչներից՝ էմուլգատորների, խտացնող եւ արհեստական բույր հաղորդող նյութերի հավելմամբ։ Հաճախ այդ մթերքները պարունակում են ածխաջրերի, շաքարի եւ ճարպերի մեծ քանակություն։

Մոսլին բացատրել է, որ այդ սննդի չարաշահումը կարող է հանգեցնել անցանկալի փոփոխությունների աղիների միկրոբիոմում։ Դա այն միկրոբների ամբողջությունն է, որոնք գտնվում են այնտեղ եւ ապահովում նրանց նորմալ գործունեությունը՝ մարսողությունը, աջակցությունը իմունային համակարգին, սննդից անհրաժեշտ վիտամինների սինթեզը։

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ գերմշակված մթերքների բաղադրիչները եւ բջջանյութի անբավարարությունը դրանց կազմում կարող են հանգեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսի առաջացմանը։ Քրոնիկական բորբոքման եւ դեպրեսիայի (նաեւ տագնապի) միջեւ գոյություն ունի փոխադարձ կապ՝ պայմանավորված մարդու մոտ հատուկ աղիքա-ուղեղային առանցքի առկայությամբ։

Աղիների միկրոբիոմի բացասական փոփոխությունները ֆասթֆուդի, թխվածքների, չիփսերի եւ շոկոլադի չարաշահման հետեւանքով կարող են հանգեցնել օրգանիզմում բնական հակադեպրեսանտների, ներառյալ սերատոնինի արտադրման նվազման։ Այդ գործոնը էական է հոգեկան խանգարումների պաթոգենեզում։

Մոսլին ընդգծել է, որ ուլտրամշակված մթերքների բացասական ազդեցությանը զգալի չափով ենթարկվում են երեխաները եւ դեռահասները։ Երիտասարդ տարիքում ինքնավերահսկողությունը բավականաչափ զարգացած չէ, որպեսզի երեխան կարողանա հրաժարվել նման սննդից եւ խուսափել դրանցից կախվածությունից։ Բացի այդ, աղիների միկրոբիոմը մանուկ եւ դեռահաս տարիքում ավելի «զգայուն» է։