Մանիպալ բարձրագույն կրթության ակադեմիայի (Հնդկաստան) գիտնականները պարզել են, որ յոգայի շնչառական եւ թուլացնող ազդեցությունները կարող են թեթեւացնել սրտային անբավարարության ախտանշանները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սրտաբանների եվրոպական ընկերության (ESC) «Սրտային անբավարարություն 2024» գիտական կոնգրեսում։

Հետազոտությանը մասնակցել է սրտային անբավարարություն ունեցող 85 մարդ։ Սրտային անբավարարությունը սրտի նորմալ կծկվելու անկարողությունն է, որը հանգեցնում է օրգաններին արյան մատակարարման խախտումների։

Փորձարկվողների միջին տարիքը 49 տարեկանն էր։ Մեծ մասը (82 տոկոս) տղամարդիկ էին։  Գիտնականները մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ 45 կամավոր վերահսկիչ խմբում, եւ 40՝ փորձնականում։ Վեց ամսվա ընթացքում երկրորդ խումբն ամեն շաբաթ կատարել է 50 րոպեանոց մարզանքներ, որոնք ներառել են շնչառական եւ հանգստացնող վարժություններ (յոգայից)։ Նշվել է, որ բոլոր մասնակիցները շարունակել են ընդունել դեղամիջոցներ սրտային անբավարարության բուժման համար ողջ հետազոտության ընթացքում։

Նախքան վեց ամիսը, վեց ամսվա ընթացքում եւ դրանից մեկ տարի հետո հետազոտողները գնահատել են սրտի կառուցվածքն ու գործունեությունը փորձնական եւ վերահսկիչ խմբում էխոկարդիոգրամի օգնությամբ։  Չափվել են ձախ փորոքի արտանետման ֆունկցիան, սրտի արյուն մատակարարելու ունակությունը եւ աջ փորոքի ֆունկցիան։ Գիտնականները արձանագրել են արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախակիությունը, քաշը եւ մարմնի զանգվածի ինդեքսը։

Արդյունքները ցույց են տվել, որ յոգայով զբաղվող մասնակիցները էական բարելավում են ունեցել բոլոր ցուցանիշներով վեց ամսում եւ մեկ տարի հետո՝ ելակետային դրության համեմատ։

Գիտնականները նշել են, որ չնայած յոգայի ակնհայտ օգուտին, սրտային անբավարարություն ունեցող մարդիկ պետք է պարապմունքներն սկսելուց առաջ խորհրդակցեն բժշկի հետ, հետո գնան փորձառու հրահանգչի մոտ։ Հետազոտողների խոսքով՝ օժանդակ թերապիայի այս մեթոդը ամենից հարմար է հիվանդության ոչ ծանր ախտանշաններ ունեցող պացիենտների համար։