Stardoo բժշկակենսաբանական ընկերության գերմանացի գիտնականները պարզել են, որ խիստ ճարպակալումը վաղ տարիքում կրճատում է կյանքի տեւողությունը 50 տոկոսով։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ճարպակալման ուսումնասիրման եվրոպական կոնգրեսում (EASO)։
Հաշվարկներում ներառվել են չորս կարեւոր փոփոխականներ՝ տարիքը ճարպակալման սկսվելու պահին. ճարպակալման տեւողությունը, ռիսկի անշրջելի կուտակումը (ճարպակալման անշրջելի ռիսկերի ցուցանիշն այն հետեւանքներն են, որոնք առողջության համար պահպանվում են անգամ քաշը կորցնելուց հետո) եւ ճարպակալման ծանրությունը։
Տվյալներն ստացվել են ճարպակալման եւ ուղեկից հիվանդությունների (կապված ավելորդ քաշի հետ, ինչպիսին են 2-րդ տեսակի դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ լյարդի ճարպակալումը) գոյություն ունեցող 50 կլինիկական հետազոտություններից։
Ինչպես ցույց է տվել մոդելավորումը, չորս տարեկանում ճարպակալման ծանր ձեւով տառապող եւ հետագայում քաշը չկորցնող երեխաները կարող են ընդամենը 39 տարվա կյանք ակնկալել։
Մոդելը նաեւ պարզել է, որ ավելի վաղ եւ ավելի ծանր ճարպակալումը բարձրացնում է ուղեկցող հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Օրինակ, ճարպակալման ծանր ձեւ ունեցող մարդը 27 տոկոսի շանս ունի հիվանդանալու 2-րդ տեսակի դիաբետով 25 տարեկանում։ Իսկ 35 տարեկանում ռիսկը հասնում է 45 տոկոսի։
Մասնագետներն ընդգծել են, որ այդ հետեւանքներից կարելի է խուսափել, եթե երեխան քաշն իջեցնի վաղ տարիքում։ Մոդելավորման համաձայն՝ որքան ավելի շուտ մարդու մարմնի զանգվածը նորմավորվի, այնքան ավելի երկար կլինի նրա կյանքը եւ ցածր դիաբետի առաջացման հավանականությունը։






