Հայաստանի Հանրապետության առողջապահության  համակարգին անշախանդիր օգնություն ցուցաբերելու, մեծ ներդրումների,  երկար տարիների հայրենանվեր գործունեության, ինչպես նաեւ «Անի եւ Նարոտ հիշատակի հիմնադրամի» կազմավորման 20-ամյակի կապակցությամբ հիմնադիր-ղեկավար Րաֆֆի Արչալջյանը  պարգեւատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:

Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Րաֆֆի Արչալջյանին Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական  աջակցության համար:«Ուրախ ենք, որ այստեղ եք: Անգնահատելի է Ձեր  ներդրումը  առողջապահական համակարգի զարգացման` մասնավորապես պատվաստանյութերի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցությունը»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Րաֆֆի Արչալջյանը շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` նշեց, որ ինքը, կարծես, Հայաստանի դեսպանն է աշխարհում:  Նա հիշատակեց  սփյուռքահայ շատ բարերարների անուններ, ովքեր տարբեր տարիների եղել են Հայաստանի կողքին` աջակցելով հայրենիքին ամենադժվարին օրերին, նպաստելով տարբեր ոլորտների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանի հաջողություններին:

«Անի եւ Նարոտ հիշատակի հիմնադրամը» ստեղծվել  է Րաֆֆի Արչալջյանի կողմից` ի հիշատակ 1994 թվականին ավիավթարից զոհված կնոջ եւ դստեր: Հիմնադրամն իր կազմավորման օրվանից օգնել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին` իրականացնելով սոցիալական եւ հանրային առողջապահության բնագավառի բարելավման ծրագրեր:

Իմունականխարգելման ազգային ծրագրին «Անի եւ Նարոտ հիշատակի հիմնադրամի» աջակցությունը դրսեւորվել է հիմնականում նոր պատվաստանյութերի ներդրման գործընթացին ակտիվ մասնակցությամբ:

2007 թվականին կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի պատվաստանյութի ձեռքբերմանը հիմնադրամն աջակցեց հարյուր հազար ԱՄՆ դոլար ներդրումով: 2008 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԿԽ պատվաստումներն իրականացվում են հիմնադրամի անմիջական աջակցությամբ:  Հիմնադրամը մասնակցել է նաեւ հնգավալենտ եւ պնեւմակոկային պատվաստումների ներդրմանը,  ինչպես նաեւ 2009 թվականից հնգավալենտ եւ ռոտավիրուսային պատվաստումների ձեռքբերման գործում պետության համաֆինանսավորմանը` յուրաքանչյուր տարի հատկացնելով 30 000  ԱՄՆ դոլար: Նոր պատվաստումների աջակցությունը կավարտվի 2015 թվականին: Հայաստանի մշտական գործընկեր հիմնադրամը հետագայում նախատեսում է Հայաստանում սկսել մեկ այլ ծրագիր, մասնավորապես` հնգավալենտ պատվաստումները երկրում աստիճանաբար փոխարինել վեցավալենտ պատվաստումներով, ինչպես իրականացվում է զարգացած երկրներում: