Մայիսի 3-5-ը Ստոմատոլոգների հայկական ասոցիացիան Երևանում կազմակերպել էր ստոմատոլոգիական միջազգային կոնֆերանս: Հրավիրված բանախոսների թվում էր բժիշկ-ստոմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոկտոր Մեյրամ Ռագանինը Ղազախստանից, ում հետ քննարկել ենք ծխելու ազդեցությունը բերանի խոռոչի առողջության վրա և վնասի նվազեցման ռազմավարությունը:
Որո՞նք են ծխելու հիմնական հետևանքները բերանի խոռոչի առողջության վրա
Մենք իրականացրել ենք բերանի խոռոչի մի շարք ախտորոշիչ հետազոտություններ ծխողների շրջանում։ Ծխող մարդիկ հաճախ ունենում են մեծ քանակությամբ նեյտրոֆիլային լեյկոցիտներ և լիմֆոցիտներ, ինչը խոսում է բորբոքային պրոցեսների մասին: Նաև բերանի խոռոչում նկատվում են շերտավորումներ և առանձին միջուկազերծ բջիջներ, ինչը բերանի խոռոչում քաղցկեղի հավանական զարգացման ազդանշան է։ Բազմաթիվ ծխողների մոտ նկատվում է լնդերի գերարյունություն, լեզվի փառակալում ինչպես նաև պարոդոնտալ հիվանդության զարգացում։
Ձեր ելույթի մեջ Դուք խոսում էիք ստոմատոլոգիայում վնասի նվազեցման հայեցակարգի մասին։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ է իրենից ներկայացնում այս հայեցակարգը
Վնասի նվազեցման հայեցակարգը միջազգային գիտական համայնքի կողմից ճանաչված մոտեցում է, որն ուղղված է մարդու կյանքում վնասակար վարքային գործոնը շտկելու՝ վնասակար սովորություններից առողջությանը հասցված վնասը նվազեցնելու համար։ Այն կիրառվում է, երբ վնասակար սովորությունից հրաժարվելը հնարավոր չէ ֆիզիկական կամ հոգեբանական կախվածության պատճառով: Այն լայն տարածում ունի առողջությանը առնչվող տարբեր ուղղություններում, այդ թվում նաև ստոմատոլոգիայում։
Ելույթում նշում էիք նիկոտինի եւ ծխախոտային արտադրատեսակների տարբեր տեսակների վերաբերյալ Ձեր կատարած հետազոտության մասին, կարո՞ղ եք խոսել այդ հետազոտությունների եւ դրանց հիմնական արդյունքների մասին
Մենք Աստանայում իրականցրել ենք 12 ամիս տևած համեմատական կլինիկական ուսումնասիրություն, որի ժամանակ համեմատել ենք բերանի խոռոչի առողջական վիճակը սիգարետ ծխող, ծխախոտի տաքացման համակարգեր օգտագործող և չծխող մարդկանց շրջանում։ Համեմատել ենք մի շարք կարևոր գործոններ ինչպիսիք են ԿՊՈւ և ՌՄԱ ինդեքսները, էպիթելային հյուսվածքի ցիտոգրաման և այլն։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամենավատ ցուցանիշները տրադիցիոն սիգարետ ծխողների շրջանում է։ Ծխախոտի տաքացման համակարգեր օգտագործող մարդկանց ցուցանիշները շատ ավելի լավն էին քան սիգարետ ծխողների մոտ, իսկ ամենալավ ցուցանիշները այն մարդկանց մոտ էին ովքեր ոչ մի ծխախոտային արտադրատեսակ չէին օգտագործում։






