ԱՀԿ-ի տվյալներով, շիզոֆրենիան մարդուն հաշմանդամություն պատճառող ամենալայն տարածում գտած հիվանդություններից երրորդն է աշխարհում. որպես այդպիսին, այն միայն կաթվածին ու ծերունական թուլամտությանն է զիջում: Այդ իսկ պատճառով էլ անչափ կարեւոր է ժամանակին քայլեր ձեռնարկել՝ հիվանդության զարգացումը կանխարգելելու եւ մարդու աշխատունակությունը պահպանելու համար: Շիզոֆրենիայի եւ շիզոտիպիկ խանգարումների դեմ պրոֆիլակտիկ պայքարի մասին լրագրողներին հոգեբան-խորհրդատու Տարաս Վավրիկն է պատմել (Ուկրաինա):

Եվ այսպես, ո՞վ է առավել խոցելի՝ շիզոֆրենիայի առաջացման նկատմամբ: Եվ ինչպե՞ս կարելի է օգնել այդ մարդկանց:

1. Գենետիկ նախահակում. եթե մարդու ընտանեկան անամնեզում շիզոֆրենիայով ախտորոշման, հատկապես՝ մեկից ավելի դեպք կա, հիվանդության առաջացման բարձր ռիսկ է գնահատվում: Այդպիսի մարդիկ պետք է առավել ուշադիր լինեն՝ սեփական հոգեկան առողջության նկատմամբ:

2. Անձի շիզոիդային ակցենտուացիա. խոսքն այստեղ «տարօրինակություններով» աչքի ընկնող, խելառ, ցածր էմոցիոնալ ֆոնի տեր, խոսքի եւ շփման հետ կապված խանգարումներ ունեցող մարդկանց մասին է: Հիշյալ հատկանիշները կարող են շիզոտիպիկ խանգարման կամ շիզոֆրենիայի մեկնարկի կամ մոտալուտ առաջացման մասին վկայել:

Տարաս Վավրիկի համոզմամբ, հոգեբանությունը կարող է լուրջ օգնություն առաջարկել նման մարդկանց. մասնագետի օգնությամբ նրանք կարող են արձագանքման այնպիսի մոդելներ զարգացնել իրենց մեջ, որոնք հասարակության մեջ ադապտացմանը եւ մարդու վրա սթրես-գործոնների ազդեցության ծավալների նվազեցմանը նպաստելու ներուժ ունեն: Հոգեբանը կարող է նաեւ աշխարհի նմատմամբ դրական վերաբերմունքի զարգացման հարցում օգտակար գտնվել. վերաբերմունք, որի կարիքը հատկապես շիզոֆրենիայով տառապող մարդիկ ունեն: Այս բոլոր միջոցները կարող են հիվանդության զարգացման կանխարգելմանը եւ մարդու հոգեկան առողջությունը պահպանմանը միտված գործիք ծառայել:

3. Շրջակա միջավայրի ազդեցություն. երբեմն բացարձակապես առողջ՝ շիզոտիպիկ խանգարման որեւէ սակնառու ախտանշան չդրսեւորող մարդու մոտ եւս կարող են խնդրո առարկա հիվանդություններն առաջանալ, եթե անձը մշտապես անբարենպաստ հոգեբանական եւ սոցիալական երեւույթների ազդեցության տակ է գտնվում: Ռիսկային խումբը հատկապես ուժեղ սթրես, աշխատավայրում՝ քրոնիկ հոգնածության համախտանիշ եւ հոգեբանական տրավմաներ տարած մարդիկ են ներկայացնում: Բռնության զոհերը եւ պատերազմով անցած մարդիկ եւս կարող են ռիսկային խմբում ընդգրկվել: Իսկ եթե մարդը հակում ունի՝ այս կամ այն հոգեկան խանգարման նկատմամբ (ինչը, հոգեբանի խոսքով, գրեթե բոլորին է հատուկ), շրջակա միջավայրը եւ անբարենպաստ գործոնները կարող են դրանց առաջացման եւ խորացման ձգանը դառնալ:

Մինչդեռ ժամանակին հոգեբանից ստացված օգնությունը կարող է վերը նշված սցենարից խուսափելու հնարավորություն ընձեռել. հոգեբանական մարզումների շնորհիվ հիվանդը բացասական գործոններին բավարար հաջողությամբ հակազդելու, արձագանքման դրական մոդելներ գտնելու եւ հասարակության մեջ արդյունավետ կերպով դրսեւորվելու ներուժ կարող է ձեռք բերել: 

Իր հերթին, հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը նշել է, որ հոգեբանները կարող են շատ բան անել նաեւ արդեն իսկ շիզոֆրենիայով տառապող մարդկանց համար: Հիվանդությունը, նրա խոսքով, երկու՝ միմյանց հաջորդող փուլերով՝ սրացմամբ եւ ռեմիսիայով է բնորոշվում: Սրացման ժամանակ հիվանդը պետք է դեղորայքային բուժում ստանա, իսկ երբ ռեմիսիայի փուլն է գործում, հոգեբանը կարող է նաեւ դրա՝ միանգամայն առողջ եւ նորմալ կյանքով ապրելու հնարավորության տեւողությունը առավելապես երկարաձգելու հարցում օգտակար գտնվել: