Վրաստանում 13 անձ հսկողության տակ են՝ Էբոլայի տենդի բացահայտման նպատակով: Այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում Վրաստանում հսկողության տակ են եղել 62 հոգի, այդ թվում մեկը՝ Վրաստանի քաղաքացի: Հսկողությունը տեւում է 21 օր:
«Ներկայում հսկողության տակ 13 մարդ կա: Նրանք Վրաստան են ժամանել բարձր ռիսկայնության գոտու երկրներից»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն նախօրեին հայտարարել է, որ Վրաստանում Էբոլայի վարակի ոչ մի դեպք չի գրանցվել եւ երկրում ձեռնարկվում են նախազգուշական առավելագույն միջոցառումները:
Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ Էբոլայի տենդից արդեն ավելի քան 3.800 մարդ է մահացել, շուրջ 8 հազարն էլ վարակված են: Վիրուսիդեմ արդյունավետ պատվաստանյութ դեռեւս գոյություն չունի:






