Էբոլա տենդով վարակվելու վտանգին ամենաշատը ենթակա են Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանի ուղեւորները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերմանական գիտնականների կազմած վարկանիշը:

Մասնագետներն աշխարհի օդանավակայաններում համաճարակի տարածման հնարավորության մաթեմատիկական մոդելը մշակել են՝ հիմնվելով 68.620 օդային հաղորդակցությամբ եւ 171 տեսակի ինքնաթիռներով 3.458 օդանավակայանների տվյալները:

Կազմված մոդելի համաձայն՝ շնչառական հիվանդությունների, ինչպես նաեւ Էբոլայի տենդի տարածման վտանգը գերմանական օդանավակայանում կազմում է 100%: Պատճառը չվերթների մեծ թիվն է: Երկրորդ տեղում Պեկինի օդանավակայանն է՝ 97% վտանգով, որին հետեւում է լոնդոնյան Հիթրոու օդանավակայանը՝ 92%, այնուհետեւ՝ Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանը՝ 91% վտանգի մակարդակով:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Էբոլայի տենդի վարակն առաջիկայում կարող է հարվածել նաեւ Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային:

Էբոլայի վարակն արագորեն տարածվում է Արեւմտյան Աֆրիկայում: Ներկայում վարակի դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում:

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ Էբոլայի տենդից արդեն ավելի քան 3.800 մարդ է մահացել, շուրջ 8 հազարն էլ վարակված են: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ դեռեւս գոյություն չունի: