Տեխասի տեխնիկական համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ առատ դաշտանը բարձրացնում է երիտասարդ կանանց սրտային հիվանդությունների վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC (BioMed Central) Medicine ամսագրում։

Գիտնականները նշել են, որ առատ արնահոսությունը դաշտանի ժամանակ կոչվում է մենոռագիա։ Այդ պաթոլոգիան վատացնում է կանանց կյանքի որակը, բացասաբար ազդում աշխատունակության, սեռական եւ սոցիալական կյանքի վրա, ինչպես նաեւ հանգեցնում է երկաթի պակասի եւ քրոնիկական հիվանդությունների սրման։

Նոր հետազոտության ընթացքում, որը հիմնվել է 2 430 851 կանանց (18-70 տարեկան)  բժշկական քարտերի տեղեկությունների վրա, պարզ է դարձել, որ մենոռագիան բացասաբար է ազդում սրտի ֆունկցիայի վրա։ Գիտնականները հայտնաբերել են, որ 40 տարեկանից երիտասարդ կանայք (առատ դաշտանի դեպքում) ավելի հաճախ են հոսպիտալացվել սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի, սրտային անբավարարության եւ նախասրտերի ֆիբրիլյացիայի պատճառով։ 40-ից բարձր տարիքի հոսպիտալացված կանանց մոտ մենոռագիայի ստույգ կապ չի հայտնաբերվել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հետ։

Գիտնականները ենթադրել են, որ մենոռագիայի առաջացումը օրգանիզմում հորմոնալ դիսբալանսի պատճառով կարող է անոթների հարթ մկանային բջիջների ոչ կոռեկտ պրոլիֆերացիայի (բաժանման) պատճառ լինել։ Որոշակի հորմոնների սինթեզի խախտումը կարող է նաեւ դառնալ միոկարդի թթվածնային քաղցի պատճառ։