Փորձը ցույց է տալիս, որ Հունաստանում գործող բժշկական կառույցներն ավարտած հայ սպաներն արդյունավետ աշխատանքային գործունեություն են ծավալում Հայաստանում: Դա այն մասին է վկայում, որ մեր զինվորական առողջապահության համակարգերը մի շարք ընդհանրություններ ունեն: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Հունաստանի բուժկառավարման ծառայության ղեկավար փոխգնդապետ Կարվունիարին է նշել, ով ներկայումս Երեւանում է գտնվում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ՝ «Զինվորական բժշկության այրդի հիմնախնդիրները» թեմայով կազմակերպված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես զրույցի ընթացքում է պարզվել, զինվորական առողջապահության որորտում աշխատող հույն բժիշկները բավականաչափ ցածր աշխատավարձ են ստանում, ինչը մշտապես բուժանձնակազմի դժգոհությունն է առաջացնում: Այդուհանդերձ, փոխգնդապետի խոսքով, նախկինում ավելի վատ վիճակ է եղել, իսկ հիմա արդեն դրական տեղաշարժի հեռանկարներ են նկատվում: Զինվորական առողջապահության այժմեական խնդիրների շարքում Կարվունիարին նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրությունն է առանձնացրել, ինչը միանշանական բարեփոխման կարիք ունի: «Հիմա փորձում ենք վնասվածքաբանության միացյալ դպրոց հիմնել՝ հույս ունենալով, որ հետագայում այն միջազգային ստատուս ձեռք կբերի: Սակայն դրա համար անհրաժեշտ օրենսդրություն չի գործում: Օրինակ՝ ԱՄՆ-ում բազմաթիվ ոչ առեւտրային՝ թե օրենքով եւ թե պետության կողմից ճանաչում գտած կազմակերպություններ կան, որոնք նմանատիպ կառույցների աշխատանքին են նպաստում: Վնասվածքաբանության ամերիկյան դպրոցը ոչ առեւտրային կազմակերպության ստատուս եւ օրենքով պաշտպանվող արտոնություններ ունի: Ամերիկյան համակարգում նույնիսկ բժշկական դասընթացների շրջանավարտները կարող են հիվանդանոցներում որպես կրտսեր անձնակազմի անդամ աշխատել, որովհետեւ օրենքը պաշտպանում է նրանց: Իսկ մենք, վնասվածքաբանության միացյալ դպրոց հիմնելուց հետո էլ, օրենսդրության համաձայն, չենք կարող նման աշխատանքով ապահովել», - մեկնաբանել է փոխգտնդապետը: